ԵՄ-Մոլդովա ասոցացման խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Զիգֆրիդ Մուրեշանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել բանաձեւը, որը կոչ է անում Մոլդովային Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տրամադրել:
Փաստաթղթում ասվում է, որ պետք է շարունակել աշխատանքը Մոլդովայի՝ ԵՄ միասնական շուկային ինտեգրման եւ ոլորտային համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Նշվում է նաեւ, որ Մոլդովան տուժել է հարեւան Ուկրաինայում հակամարտությունից: Ավելի քան 450 հազար ուկրաինացի փախստական է ժամանել հանրապետություն, որոնցից գրեթե 100 հազարը մնացել է Մոլդովայում, բացի դրանից՝ կրճատվել է առեւտուրը, աճել են էներգակիրների ու տրանսպորտի գները:
Այդ նպատակով Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել ԵՄ-ին՝ առավել մեծ աջակցություն ցուցաբերելու երկրին՝ նոր մակրոֆինանսական օգնության, տրանսպորտի եւ առեւտրի ազատականացման լրացուցիչ միջոցների, ինչպես նաեւ փախստականներին առնչվող եւ մարդասիրական նպատակների համար մշտական աջակցության ցուցաբերման միջոցով:
Մոլդովան չի կարող ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային
Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն հայտարարել է, որ Քիշնեւը չի կարող ռազմական աջակցություն տրամադրել Կիեւին: Նա հավելել է, որ Մոլդովայի չեզոք կարգավիճակը թույլ չի տալիս ռազմական տեխնիկա ուղարկել այլ երկրներ։
Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը Կիեւ ժամանած Իգոր Գրոսուին խնդրել էր դիտարկել Ուկրաինային վեց Միգ-29 ինքնաթիռ տրամադրելու հնարավորությունը։