Բրիտանական Reuters գործակալության՝ երեք շաբաթ տեւած եւ ավելի քան 90 տեղաբնակների շրջանում անցկացված լայնածավալ լրագրողական հետաքննության ընթացքում պարզվել է, որ Կիեւի շրջանի Բուչա ավանում մարդկանց զանգվածային սպանություններին առնչություն ունեն գրավման պահին այնտեղ գտնվող եւ այնտեղից ապրիլի 5-ին հեռացած ռուսական ուժերը: Մասնավորապես, խոսքը Կիեւի շրջանի այդ հատվածում տեղակայված՝ նախկինում Պուտինի թիկնազորի ենթակայությամբ գործող էլիտար «Ռոսգվարդիա» կառույցի «Վիտյազ» ստորաբաժանման, Պսկովից ժամանած 76-րդ պարաշյուտադեսանտային դիվիզիայի, ինչպես նաեւ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին ենթարկվող առնվազն երեք չեչենական զորամիավորումների մասին է:
Բուչայում Յաբլունսկի փողոցում տեղակայված ռուսական շտաբում ավելի ուշ հայտնաբերվել են ութ խաղաղ բնակիչների դիակներ, ուկրաինացի զինծառայողները գտել են «Վիտյազ» ստորաբաժանման զինծառայող Կոնստանտին Կորշունովի վկայականը: Տեղացի բնակիչներն էլ հայտնաբերել են Պսկովից դեսանտային Ալեքսանդր Լոգվինենկոյին հասցեագրված մի նամակ:
Ռուս զինվորականների՝ այդ օրերին գրավված առանձնատան պատին հայտնաբերված Wolf_68 գրությունն, ըստ հետաքննող լրագրողների, ոչ այլ ինչ է, քան ռուսական սոցցանցերում գրանցված օգտատիրոջ՝ 76-րդ դեսանտային դիվիզիայի 234-րդ ավիագնդի զինծառայող Կիրիլ Կրյուչկովի քողարկված անվանումը:
Բուչայում ռուսական բանակի գործողություններն Ուկրաինան եւ արեւմտյան երկրները որակել են որպես պատերազմական հանցագործություն եւ ցեղասպանություն:
Բուչայում ՌԴ-ի ռազմական գործողության վերաբերյալ հարցին ի պատասխան Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել էր, որ Բուչայի պատմությունը սադրանք է եւ կեղծիք: Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը խորհուրդ է տվել մանրամասների համար դիմել ՌԴ պաշտպանության նախարարությանը: Ո՛չ ռուսական պաշտպանական գերատեսչությունը, ո՛չ ռուս զինվորականները չեն պատասխանել Reuters-ի հարցումներին: Ավելին՝ ՌԴ ՊՆ-ն բազմիցս հերքել է մեղադրանքը՝ պնդելով, որ Կիեւը կեղծ տեղեկություններ ու բեմականացված լուսանկարներ եւ տեսագրություններ է ներկայացրել ռուսական ԶՈՒ-ին վարկաբեկելու նպատակով:
Ուկրաինայի դատախազությունը հայտարարել է, որ հետաքննում է ռուս-ուկրաիանական հակամարտության ընթացքում ռուսական զինուժի զինվորականների գործած ավելի քան 9000 պոտենցիալ պատերազմական հանցագործության դեպքեր եւ հետապնդում է հարյուրավոր կասկածյալների: Միջազգային քրեական դատարանը եւս ուսումնասիրում է պատերազմի ժամանակ մարդու իրավունքների հնարավոր խախտումները: