Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեշրայտը հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսով քննարկել են Ուկրաինայի խնդիրը:
Ըստ Հեբեշրայտի՝ կանցլերն ու նախագահն ընդգծել են, որ չեն ճանաչի որեւէ քայլ, որը կհակասի Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը: Նմանօրինակ ցանկացած քայլ օրինակարգ չի համարվի: Խոսնակը հավելել է, որ Շոլցը եւ Բայդենը շեշտել են Ուկրաինայի պաշտպանությանն ուղղված օգնության տրամադրման շարունակականության անհրաժեշտությունը:
«Երկու առաջնորդները համոզմունք են հայտնել, որ Ռուսաստանը պարտավոր է դադարեցնել պատերազմը, զորքը դուրս բերել Ուկրաինայից եւ այդկերպ ապահովել այդ երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ընդգծել է խոսնակը:
Հեբեշրայտը նշել է նաեւ, որ Շոլցը եւ Բայդենը խստորեն դատապարտել են ռուսաստանյան իշխանությունների վերջին հայտարարությունները, որոնցով փորձ է արվել վարկաբեկելու ժողովրդավարական եղանակով ընտրված Ուկրաինայի իշխանություններին:
Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը չի հստակեցրել՝ խոսքը ռուսական կողմի հատկապես որ հայտարարությանն է վերաբերում:
Նախագահների միջեւ թյուրըմբռնումները հարթվել են
Ըստ Գերմանիայի նախագահի վարչակազմի հաղորդագրության՝ մայիսի 5-ին ավելի վաղ տեղի է ունեցել Գերմանիայի եւ Ուկրաինայի նախագահներ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի եւ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը, որի ընթացքում անցյալում տեղի ունեցած թյուրըմբռնումները հարթվել են: Երկու նախագահները համաձայնել են սերտ կապի մեջ մնալ:
Հեռախոսազրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահը Շտայնմայերին եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին հրավիրել է Կիեւ։
Ավելի վաղ Զելենսկին հրաժարվել էր Կիեւում Շտայնմայերին ընդունելուց՝ դա պատճառաբանելով վերջինիս ռուսամետ դիրքորոշմամբ։