Միացյալ Նահանգներում աշխատանքային այցի շրջանակում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մայիսի 5-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ հանձնաժողովի անդամ սենատոր Ջիմ Ռիչը։
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծված անվտանգային իրադրությանը եւ տարածաշրջանային իրավիճակին վերաբերող մի շարք հարցերի։
ՀՀ արտգործնախարարը ներկայացրել է նաեւ Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը եւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ Հայաստանի դիրքորոշումը։ Այս համատեքստում շեշտվել է Ադրբեջանի կողմից լարվածության հրահրման անթույլատրելիությունը։
Ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների հայրենադարձման անհրաժեշտությունը։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին զարգացումները։
Արարատ Միրզոյանն ու Բոբ Մենենդեսը գոհունակությամբ են նշել հայ-ամերիկյան երեսունամյա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում արձանագրված ձեռքբերումները։