ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսեյ Զայցեւը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը երկրի ներքին գործն են, իսկ ՌԴ-ն շահագրգռված է դաշնակից երկրի կայուն, խաղաղ եւ անվտանգ զարգացմամբ:
Զայցեւն ընդգծել է, որ ներքաղաքական բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես իրավական եւ սահմանադրական դաշտում՝ համապատասխան ժողովրդավարական ընթացակարգերի շրջանակում:
«Ինչ վերաբերում է ընթացիկ իրադարձությունները հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հետ կապելուն, խոսքը ոչ թե ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների նկատմամբ ընդդիմության վերաբերմունքի, այլ Հայաստանի ղեկավարության այս կամ այն հայտարարության ընկալման մասին է»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Ալեքսեյ Զայցեւը վերահաստատել է, որ ՌԴ-ն մշտապես հավատարիմ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ակտիվ աջակցելուն, առաջին հերթին 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների իրականացման, ինչպես նաեւ Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման միջոցով: