ԱՄՆ արդարադատության նախարարությունից հայտնել են, որ նախարարությունը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության եւ Գլխավոր դատախազության դիմումների հիման վրա ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող՝ Լոս Անջելեսի Հոլմբի հիլսի (Holmby Hills) թաղամասի Սաութ Մափլթոն դրայվ (South Mapleton Drive) փողոցի 2800 քմ մակերեսով (ավելի քան 30 հազար քառակուսի ֆուտ) շքեղ առանձնատան բռնագանձման գործընթաց է ձեռնարկել։ Առանձնատունը գնել էին Խաչատրյանի որդիները՝ Արտյոմ եւ Գուրգեն Խաչատրյանները։
Ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրության՝ առանձնատունը ձեռք է բերվել Հայաստանում «կոռուպցիոն սխեմայից ձեւավորված եկամուտներով»։ Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դատարանում ԱՄՆ արդարադատության նախարարությունը մայիսի 2-ին ներկայացրել է հայց՝ հայտնելով, որ գործարար Սեդրակ Առուստամյանը Խաչատրյանին եւ նրա ընտանիքին ավելի քան 20 միլիոն դոլար կաշառք է տվել իր բիզնեսի նկատմամբ բարենպաստ հարկային վերաբերմունքի դիմաց:
Առանձնատունը վաճառքի է հանված 63,5 միլիոն դոլարով
Հայաստանում այս հարցով քրեական գործ է հարուցվել դեռեւս 2020-ին։ Գագիկ Խաչատրյանին եւ նրա որդիներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի խախտմամբ կաշառք ստանալու համար։ Հայաստանում կաշառք տալու համար քրեական գործ է հարուցվել նաեւ Առուստամյանի նկատմամբ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը պնդել է, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ»-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանն ավելի քան 22 միլիոն դոլար է տվել Խաչատրյանին՝ իր առեւտրային կազմակերպությունների համար խոչընդոտներ չստեղծելու համար։
Գումարն, ըստ ԱՄՆ Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դատարան երկուշաբթի ներկայացված բողոքի, ուղղվել է Լոս Անջելեսում առանձնատան գնմանը։ Առանձնատունը ներկայում վաճառքի է հանված 63 միլիոն 500 հազար դոլարով։
Առանձնատանը վերաբերող գործարքը հետաքննել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) Եվրասիական կազմակերպված հանցավորության դեմ պայքարի խումբը (EOCTF) եւ ԱՄՆ Մարշալների ծառայությունը:
EOCTF-ը կազմված է բազմաթիվ իրավապահ մարմիններից՝ ներառյալ ՀԴԲ-ն, Ներքին եկամուտների ծառայությունը (IRS), Քրեական հետախուզությունը, ԱՄՆ փոստային տեսչական ծառայությունը, Գլենդելի ոստիկանական բաժանմունքը, Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքը եւ Լոս Անջելեսի շրջանի շերիֆի գրասենյակը: Բռնագանձման գործը վարում են Քրեական բաժնի Փողերի լվացման եւ ակտիվների վերականգնման բաժնի Գողապետության ակտիվների վերականգնման նախաձեռնության դատավոր Դ. Հանթեր Սմիթը եւ Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի ԱՄՆ դատախազի տեղակալ Մաքսվել Քոլը:
«Գողապետության ակտիվների վերականգնման նախաձեռնության» շրջանակում
Գործը քննվում է «Գողապետության ակտիվների վերականգնման նախաձեռնության» (Kleptocracy Asset Recovery Initiative) շրջանակում։ Նախաձեռնությունը հիմնել է ԱՄՆ Կոնգրեսը եւ նպատակ ունի խթանելու ԱՄՆ կառավարության հանձնառությունը՝ պայքարելու օտարերկրյա կառավարությունների կոռուպցիայի դեմ: Նախաձեռնությունը կոչված է ծառայելու ԱՄՆ ջանքերին՝ բացահայտելու եւ վերականգնելու գողացված ակտիվները, բռնագրավելու կոռուպցիայից ստացված եկամուտները, անհրաժեշտության եւ հնարավորության դեպքում՝ գողացված ակտիվները կամ հասույթները կոռուպցիոն գործողություններից տուժած երկրին վերադարձնելու:
Նախաձեռնությունը ղեկավարում է Քրեական բաժնի փողերի լվացման եւ ակտիվների վերականգնման բաժնի նվիրված դատախազների թիմը, որը համագործակցում է դաշնային իրավապահ մարմինների եւ հաճախ նաեւ ԱՄՆ դատախազությունների հետ:
Զեկույցում նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը եւ Ազգային անվտանգության ծառայությունն առանցքային օգնություն են ցուցաբերել։
Միջազգային կոռուպցիայի դեմ պայքարի ջոկատները 2015-ին ստեղծել է Հետաքննությունների դաշնային բյուրոն՝ օտարերկրյա կոռուպցիայի ազգային եւ միջազգային հետեւանքներն ուսումնասիրելու նպատակով:
Գագիկ Խաչատրյանի եւ որդիների ունեցվածքի ոչ ամբողջական ցանկը
Գագիկ Խաչատրյանի որդիները «Գալաքսի գրուպ»-ի հիմնադիրներն են։ Ընկերությունների խումբը ներառում է հեռահաղորդակցության օպերատոր «Յուքոմ»-ը, Chronograph եւ Time ժամացույցների խանութների ցանցը, «Մեգա ֆուդ» եւ «Մեգա սպորտ» ընկերությունները, «Երեւան Մոլ» առեւտրի եւ ժամանցի կենտրոնը։
66-ամյա Գագիկ Խաչատրյանը, որ հայտնի էր որպես նշանակալի պարտավորություններով «սուպեր նախարար», 2008-2014 թվականներին եղել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահը, իսկ 2014 -2016 թվականներին՝ ՀՀ ֆինանսների նախարարը:
Պատրաստեց Կարինե Դավոյանը