Ըստ New York Times պարբերականի՝ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հերքել է ամերիկյան լրատվամիջոցներում հայտնված այն հաղորդագրությունները, ըստ որոնց՝ ռուսական «Մոսկվա» հածանավի վերաբերյալ հետախուզական տվյալներն ԱՄՆ-ն է Ուկրաինային տրամադրել:
«Ռուսաստանի նավերը նշանառության տակ վերցնելու համար ուկրաինացիները հետախուզության ոլորտում սեփական հնարավորություններն ունեն»,- մանրամասնել է Քիրբին:
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հաղորդել էր, որ Ուկրաինայի զինծառայողներն ամերիկյան կողմից հետախուզական տվյալներ են ստացել հածանավի գտնվելու վայրի վերաբերյալ:
ՌԴ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հաղորդել էր, որ ապրիլի 13-ին հրդեհի հետեւանքով «Մոսկվա» հրթիռային հածանավը լուրջ վնասվածքներ է ստացել զինամթերքի դետոնացիայի պատճառով: Նավը հրդեհից փրկելու համար պայքարի ընթացքում զոհվել է մեկ զինծառայող, անձնակազմի եւս մեկ անդամ անհայտ կորել է, անձնակազմի մնացած 396 անդամները տարհանվել են:
Նախօրեին ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, թե ռուս զինվորականները տեղյակ են, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ ՆԱՏՕ-ն հետախուզական եւ կարեւոր այլ տեղեկատվություն են փոխանցում Ուկրաինային:
Պեսկովը նշել է, թե չնայած այդ տեղեկատվական եւ նյութական օգնությանը՝ Ռուսաստանի բանակը, միեւնույնն է, կլուծի հանձնարարված խնդիրները:
«Զենքը, որը ՆԱՏՕ-ն փոխանցում է Ուկրաինային, այդ բոլոր գործողությունները, այսպես ասենք, թույլ չեն տալիս արագ ավարտել օպերացիան, բայց միեւնույն ժամանակ դրանք չեն խաթարել նպատակներին հասնելու կարողությունը»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը: