Յուրաքանչյուրիս ամենախորքային, չքննվող ցանկությունը երջանիկ լինելն է։ Ավելին՝ մեր ցանկությունների հիմքում ամենից հաճախ երջանիկ լինելու ձգտումն է։
Մեզնից յուրաքանչյուրը թող ինքն իրեն հարցնի՝ «Ուզո՞ւմ եմ արդյոք լինել երջանիկ»։ Հարցն արդեն ծիծաղելի է։ Պատասխանն ակնհայտ է՝ իհարկե ուզում ենք։
Նկատենք, սակայն, որ տարբեր են երջանկության հասնելու մեր պատկերացումները: Ոմանք այն փնտրում են հավատալիքներում, ծեսերում, ոմանք փորձում են հասնել երջանկության հարստանալու ճանապարհով, ոմանք էլ՝ որոշակի պաշտոն ձեռք բերելու: Ընդհանուր առմամբ կարող ենք ասել՝ որքան մարդ, այնքան էլ երջանկության հասնելու պատկերացումներ:
Ի՞նչ է երջանկությունը
Ըստ բառարանների՝ երջանկությունը ներքին վիճակ է, որը բնորոշվում է դրական կամ հաճելի հույզերով, որոնք էլ իրենց հերթին առաջացնում են բավարարվածության, ուրախության վիճակներ։ Այն առավելագույնս համապատասխանում է ներքին բավարարվածությանը տվյալ իրադրությունում, կյանքի լիությանն ու իմաստավորմանը: Հին հունարենում «երջանկություն» բառը` էվդեմոնիա, բառացիորեն նշանակել է աստվածների հովանու տակ գտնվող մարդ։ Ըստ Արիստոտելի՝ երջանկությունը կյանքի իմաստն ու կոչումն է, մարդու գոյության միակ նպատակը:
Երջանկության զգացողությունը համահունչ է երանությանը, բարօրությանը, անխառն ուրախությանը, բախտավորությանը: Երջանիկ մարդը նաեւ շնորհակալ է իրեն բաժին հասած բախտավորության համար։ Նշենք՝ «երջանկություն» եւ «երանություն» բառերը նույն «եր» արմատն ունեն։
Ինչո՞ւ է կարեւոր շնորհակալ լինելը
Կարճ ժամանակ առաջ դիտեցի Բենեդիկտի միաբանության վանական Դեյվիդ Ստեինդլ-Ռասթի TED ելույթը, որ կոչվում է «Ուզո՞ւմ եք երջանիկ լինել: Երախտապա՛րտ եղեք»։ Այն ինձ ե՛ւ հուզեց, ե՛ւ հիացրեց, ե՛ւ մտորելու առիթներ ընձեռեց։ Եթե չեք դիտել, խորհուրդ եմ տալիս՝ անպայման դիտեք։ Ելույթն անգլերեն է, բայց կարելի է միացնել հայերեն Սաիդա Անտոնյանի թարգմանած ենթագրերը։
Երջանկության հասնելու համար եղբայր Դեյվիդ Ստեինդլ-Ռասթը առաջարկում է մի պարզ բանաձեւ՝ ուզո՞ւմ ես լինել երջանիկ, եղի՛ր շնորհակալ։ Նա համոզված է, որ անկախ ազգությունից, դավանանքից, հարուստ կամ աղքատ լինելուց՝ մարդը կարող է լինել երջանիկ, եթե շնորհակալ է։ Այն, որ երջանիկ մարդը շնորհակալ է, ակնհայտ է։ Սակայն ոչ թե երջանիկ լինելն է շնորհակալ լինելու պատճառը, այլ հակառակը՝ շնորհակալ լինելն է պատճառը երջանիկ լինելու։ «Գոհունակությունն է մեզ երջանիկ դարձնում»,- պնդում է եղբայր Ստեինդլ-Ռասթը։
Երախտագիտությունը ճանապարհ է հարթում երջանկության համար։ Երջանկությունն իրեն հայտնում է գոհ ու շնորհակալ մարդկանց սրտերում: Իրականությունից դժգոհող, բողոքող, ուրիշներին դատող մարդը չի կարող լինել երջանիկ։
Ի՞նչ է նշանակում լինել շնորհակալ
Եկեք պարզենք՝ ինչ է նշանակում «շնորհակալ»։ Ըստ հայկական բառարանների՝ «շնորհակալը» ածական է, որ նշանակում է «արված լավությունը՝ բարիքը գիտակցող, երախտագետ, բավական գոհ»։ Այն ունի մի շարք հոմանիշներ՝ երախտագետ, երախտապարտ, գոհ, գոհունակ, բավական, շնորհատույց, շնորհապարտ, շնորհընկալ, երախտընկալ եւ այլն։
«Շնորհակալ» բառն ունի երկու արմատ՝ «շնորհ» եւ «կալ», այսինքն՝ շնորհակալը նա է, ով կալել է, ընդունել է շնորհ։ Որոշ մեկնություններում «շնորհ» բառը նույնացնում են «շեն» բառի հետ, օրինակ՝ ասում են՝ «շեն, շնորհով մարդ»։
Ինչի՞ համար լինենք շնորհակալ
Այս հոդվածի ասելիքը բնավ այն չէ, որ մարդը պետք է շնորհակալ լինի յուրաքանչյուր իրադարձության համար։ Բնականաբար մենք չենք կարող լինել շնորհակալ հարազատ մեկին կորցնելու կամ տեղի ունեցած անարդարության, պատերազմների, անմեղ զոհերի համար։ Իսկ ինչի՞ համար ուրախանանք։
Նման դեպքերում մենք պետք է գոհանանք ոչ թե կատարված անարդարության համար, այլ այն բանի, որ անգամ նման անարդարությունից հետո մեզ տրված է հնարավորություն՝ գտնելու ճիշտ անելիքը եւ անելու այն։
Սա նշանակում է, որ մենք շնորհակալ ենք, որովհետեւ անգամ նման իրավիճակներում ունենք ընտրության հնարավորություն։ Ինչպես հոգեբան Վիկտոր Ֆրանկլն է ճշգրիտ ձեւակերպել, «ցանկացած պարագայում մարդն ունի մի վերջին հնարավորություն՝ ընտրելու իր վերաբերմունքը, ընտրելու, թե դեպի ուր է ուղղում իր հայացքը եւ դեպի ուր է որոշում գնալ»։
Ցանկացած դժվարության ժամանակ, եթե միայն չտրվենք հուսահատության ու բողոքելու ներքին մղումներին, կկարողանանք խորքում տեսնել այն դասը, որ սովորեցնում է մեզ տվյալ իրավիճակը: Կտեսնենք բացահայտվող իմաստը: Հենց այդ սովորած դասի, բացահայտված իմաստի եւ ընտրելու հնարավորության համար էլ արժե լինել շնորհակալ:
Ինչպե՞ս սովորենք լինել շնորհակալ
Մարդկանց հետ հարաբերություններում, լինի տանը թե աշխատավայրում, սրճարանում թե փողոցում, գիտակցված գտե՛ք հնարավորություն՝ նայելու նրանց աչքերին եւ ասելու՝ շնորհակալությո՛ւն: Արե՛ք դա առանց ձեզ պարտադրելու: Յուրաքանչյուր մարդու մեջ կա աստվածայինի շունչը: Փորձե՛ք նկատել: Եվ ձեր սիրտը կլցվի շնորհակալության, գոհունակության զգացումով: Մենք հաճախ չենք էլ նկատում մեզ սպասարկող անձնավորությանը, հարաբերվում ենք նրա հետ այնպես, ինչպես կհարաբերվենք փողոցում դրված սուրճ պատրաստող սարքի հետ: Երբ մենք մարդու հետ վարվում ենք ինչպես սարքի հետ, մենք եւս չենք դրսեւորվում ինչպես մարդ:
Մեր ուշադրությունը, զրուցակցին նկատելը, սրտանց ժպտալը եւ շնորհակալություն ասելը բավարարվածության զգացողություն է առաջացնում ե՛ւ մեր, ե՛ւ զրուցակցի սրտում: Որպես արդյունք՝ աշխարհում շատանում է երջանկությունը:
Չմոռանա՛նք՝ մարդու նպատակը երջանիկ լինելն է:
Որեւէ պարագայում՝ փողոցում քայլելիս կամ այգում զբոսնելիս, ջանացե՛ք տեսնել նուրբը, նոր հայտնվողը, գեղեցիկը: Նկատե՛ք անցնող երեխայի քայլվածքը, խոսելու ձեւը, բողբոջած ծառը, թռչունների ծլվլոցը: Հաճա՛խ նայեք երկնքին, ջանացե՛ք զգալ նրա անհունությունը: Հետո նայե՛ք ներս, տեսե՛ք արտացոլանքը։ Այդպես արե՛ք եւ նկատե՛ք, թե ինչպես է ձեր հոգին խաղաղվում, ներդաշնակվում, ձեր սիրտը լցվում զմայլանքով ու հրճվանքով:
Չմոռանանք կյանքին ասել շնորհակալություն մատուցած նվերի համար:
Փնտրե՛ք ձեր սիրտը գոհունակության եւ շնորհակալության զգացումով լցնող երեւույթներ: Հավատացե՛ք՝ դրանք ամենուր են: Այն պահին, երբ գիտակցված նկատում ենք գեղեցիկն ու նուրբը, ասում ենք շնորհակալություն, տեղի է ունենում ներքին տեղաշարժ, մեր հոգին բացվում է եւ լցվում երանությամբ:
Մաթեմատիկոս, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Աշխատում է ՏՏ ոլորտում ծրագրավորող։ Հետաքրքրությունների շրջանակը՝ մարդ, հոգեւոր գիտելիք, հոգեբանություն, փիլիսոփայություն։