Երեւանում եւ Արցախում, եթե հավատանք ընդդիմությանը եւ արցախցի խորհրդարանականներին, իրավիճակը «պայթեց» Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, թե միջազգային հանրությունը խոստանում է ԼՂ հարցով կոնսոլիդացիա, եթե Հայաստանը «մի փոքր իջեցնի նշաձողը»։
Որն է Հայաստանի նշաձողը՝ Փաշինյանը չասաց։ Դա «Արցախը Հայաստան է եւ վերջ»՝ 2019-ի ամռանը Ստեփանակերտում նրա հնչեցրա՞ծն է, թե՞ այն, ինչ ավելի քան երկու տասնամյակ փորձել է իրացնել Հայաստանը՝ հասնել ԼՂ ինքնորոշման ճանաչմանը կամ դրա իրացմանը։ «Արցախը չի եղել եւ չի լինելու Ադրբեջանի կազմում»,- ապրիլի 14-ին միաձայն հայտարարել է Արցախի Ազգային ժողովը։
Սա նաեւ Հայաստանի՞ նշաձողն է, որը «մի փոքր իջեցնելու» ակնարկ արեց Նիկոլ Փաշինյանը։
ԼՂ խնդիրը հնարավո՞ր է կարգավորել կողմերից մեկի նշաձողի բարձրացման կամ իջեցման «տեխնոլոգիայով»։ Տեսականորեն՝ այո՛։ 2008-2018 թվականներին Երեւանում եւ Ստեփանակերտում գրեթե համոզված էին, որ եթե ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան առաջարկում են ԼՂ վերջնական կարգավիճակի որոշարկում հանրաքվեով, ապա Ադրբեջանը մի օր «ստիպված կլինի հաշտվել Արցախի անկախության փաստի հետ»։
«Ինչպե՞ս»-ը համարվում էր «տեխնիկայի հարց»։ Մինչդեռ Բաքուն կտրականապես մերժում էր միայն Արցախում, անգամ ադրբեջանցիների վերադարձից հետո, հանրաքվե անցկացնելու հնարավորությունը։ Հենց այդ պատճառով էլ Ալիեւը չստորագրեց Կազանի փաստաթուղթը։
Մոտեցումների ներհակությունը տարիների հետ ավելի է սրել իրավիճակը։ Եւ դա Ալիեւին ձեռնտու էր, ժամանակն աշխատում էր Ադրբեջանի օգտին՝ Հայաստանի եւ Արցախի սահմանած նշաձողը վերածելով զուտ տեղեկատվա-քարոզչական նշանաձողի, որ իշխանությունն ամեն անգամ ի ցույց էր դնում ներքին լսարանին։ Եվ որքան «հետաձգված հանրաքվեն» կորցնում էր միջազգային աջակցությունը, իսկ շփման գծում իրավիճակը մոտենում պատերազմականի, Հայաստանի եւ Արցախի ռազմաքաղաքական էլիտան ավելի ու ավելի էր տրվում վտանգավոր գայթակղության, թե «տարածաշրջանում կայունությունը բխում է ուժային բոլոր կենտրոնների շահերից»։
Ճիշտ է, 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանը ստիպված էր խոստովանել, որ պատերազմի հավանականությունը խաղաղ հանգուցալուծումից մեծ է, բայց դա պոստ-ֆակտում արձանագրում էր, «գնացքն արդեն մեկնել էր»։
Հետադարձ հայացքն, իհարկե, միշտ սուբյեկտիվ է։ Փաշինյանի քաղաքական հակառակորդները հիշեցնում են «խաղաղության եւ արժանապատվության» քսան տարիները, եւ դա ազդեցություն թողնում է։ «Հնարավոր էր եւս երեսուն տարի բանակցել եւ պահպանել խաղաղությունը»,- ասում են։ Գուցե հնարավոր էր, միանշանակ չես բացառի։ Բայց ի՞նչ էր լինելու «երեսուն տարի» հետո։ Ադրբեջանը մասնատվելո՞ւ էր։ Աշխարհի զորեղները զենքի ուժով պարտադրելու էին, որ Բաքուն ճանաչի՞ Արցախի անկախությունը։ Հայաստանը հզորանալու եւ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» դոկտրինն իրականությո՞ւն էր դարձնելու։
Փաստացի իրավիճակի հանդեպ սրանք ոչ միայն անիմաստ, ժամանակավրեպ հարցադրումներ են, այլեւ վտանգավոր մտավարժանքներ։ Ունենք այն, ինչ ունենք։ Եվ իրավիճակը արմատապես չի փոխվելու, եթե վաղը Փաշինյանը հեռացվի, դատվի եւ ցմահ ազատազրկվի, ՔՊ-ական բոլոր պատգամավորները՝ նույնպես։
Իրական քաղաքականությունը պահանջում է նշաձողը տարբերակել նշանաձողից, ունենալ իրացնելի նպատակ, ոչ թե՝ պաթետիկ կարգախոս, ձեւավորել ռեսուրս, ստեղծել մրցունակ գործիքակազմ։ Ֆրանսիայի հրապարակում «Գինի լից, ընկեր ջան» երգը, գուցե, պատանիների եւ աղջիկների մոտ ինչ-որ «գրգիռներ» արթնացնում է, բայց դա ո՛չ դիվանագիտության, ո՛չ էլ, առավել եւս, ժամանակակից պատերազմի «հիմն» չէ։
Արցախի հարցում ո՞րն է նշաձողը։ Գուցե արտառոց, պարադոքսալ հնչի, բայց դա Արցախի սուբյեկտությունն է։ Այդ պրագմատիկ ընտրությամբ է Լեռնային Ղարաբաղը ճանաչվել զինված հակամարտության կողմ, պատերազմած սուբյեկտ՝ հրադադարի մասին 1994-ի համաձայնագրով, որը իրավաքաղաքական ճանաչում է ստացել ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթի որոշման ուժ ունեցող՝ հատուկ ԼՂ հակամարտությանը վերաբերող բաժնում։
Ազգային-հայրենասիրական պաթետիկայի հայացքով՝ դա «շատ ցածր նշաձող է»։ Բայց եթե հաջողվի այն վերականգնել այսօր, մենք հակամարտությունից դուրս կգանք որպես հաղթող կողմ։ Պետք է կարեւորագույն արձանագրումն անել․ ԼՂ հարցում Հայաստանը եւ Արցախը նշաձողը կտրուկ իջեցրել են 1998 թվականին՝ զիջելով նրա՝ որպես պատերազմած, պատերազմող կողմի սուբյեկտությունը։
Ընտրվել է, մեկ անգամ էլ թող ասվի, քարոզչական նշանաձող։ Եւ եթե միջազգային հանրությունը հորդորում է այն փոխարինել իրավա-քաղաքական նշաձողով, ապա հայկական դիվանագիտությունը պարտավոր է հնարավորությունն օգտագործել։ Կհաջողվի՞ վերականգնել ԼՂ՝ որպես պատերազմած կողմի (նույնիսկ՝ պարտված) սուբյեկտությունը։ Սա իրացնելի՞ հնարավորություն է։ Պետք է կենտրոնանալ այս ուղղությամբ։ Նշանաձողի գայթակղությունը տանում է փակուղի։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։