Հայաստանի շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը հաղթել է իսպանական Ֆորմենտերայում անցկացված բլիցի երկու մրցաշարերում։
Մարտիրոսյանն առաջին մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ լեհ Լուկաշ Յամուլայի հետ կիսել է առաջին տեղը: Լրացուցիչ ցուցանիշներով նա ճանաչվել է հաղթող: Շանթ Սարգսյանն այդ մրցաշարում 6,5 միավորով գրավել է 3-րդ տեղը:
Բլիցի երկրորդ մրցումներում Հայկ Մարտիրոսյանը 9 հնարավորից արդեն վաստակել է 7,5 միավոր եւ միանձնյա գրավել առաջին տեղը: Նրանից կես միավորով ետ է մնացել Շանթ Սարգսյանը: Լավագույն եռյակը եզրափակել է 6 միավոր վաստակած նիդեռլանդցի Լիամ Վրոլիյկը:
Ինչ վերաբերում է դասական մրցաշարին, ապա մեր շախմատիստները շարունակում են պայքարել գլխավոր մրցանակի համար: Շանթ Սարգսյանը 8 տուրից հետո 6 միավորով բաժանում է 2-4-րդ տեղերը: Միանձնյա առաջատար Դոմառաջու Գուկեշից Սարգսյանը հետ է մնում ընդամենը կես միավորով: Հայկ Մարտիրոսյանն էլ վաստակել է 5,5 միավոր եւ առայժմ զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:
Մայիսի 7-ին տեղի կունենան նախավերջին` 9-րդ տուրի պարտիաները: Շանթ Սարգսյանը սպիտակներով կհանդիպի իսպանացի գրոսմայստեր Ֆերնանդո Կուենկայի հետ, իսկ Հայկ Մարտիրոսյանը սեւերով կմրցի վրացուհի գրոսմայստեր Նինո Բաթիաշվիլու հետ: