Ըստ The New York Times պարբերականի՝ Իլոն Մասկը «Թվիթեր»-ը ձեռք բերելու դեպքում մտադիր է մինչեւ 2028 թվականը սոցցանցի տարեկան եկամուտը բազմապատկել ավելի քան հինգ անգամ եւ այն հասցնել 26 միլիարդ 400 միլիոն դոլարի: Նախորդ տարի «Թվիթեր»-ի տարեկան եկամուտը կազմել էր մոտ 5 միլիարդ դոլար:
Իլոն Մասկն ակնկալում է նաեւ, որ 2028-ին «Թվիթեր»-ի օգտատերերի թիվն ավելի քան 4 անգամ կաճի. 2021-ի դեկտեմբերի տվյալներով «Թվիթեր»-ն ուներ 217 միլիոն օգտատեր: Մինչդեռ Իլոն Մասկը մտադիր է 2028-ին «Թվիթեր»-ի օգտատերերի թիվը հասցնել 931 միլիոնի: Ընդ որում, Մասկի ծրագրով՝ 104 միլիոնը լինելու են վճարովի օգտատերեր:
Իլոն Մասկը մայիսի սկզբին հայտարարել էր, որ «Թվիթեր»-ը կազմակերպությունների ու պետական կառույցների համար կարող է դառնալ վճարովի:
«Թվիթեր»-ի ղեկավարությունն ապրիլի 25-ին հայտնել էր, որ ամերիկացի ձեռնարկատերն ընկերությունը ձեռք է բերելու 44 միլիարդ դոլարով: Եթե Մասկը որոշի չեղարկել համաձայնությունը, ընկերությանը 1 միլիարդ դոլարի տուգանք կվճարի: Իսկ եթե համաձայնության խախտման նախաձեռնողը լինի «Թվիթեր»-ը, փոխհատուցումը կստանա Մասկը:
Գործարքի վերջնական ավարտի տարեթիվ է նշվում 2022-ի հոկտեմբերի 24-ը: