Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Chatham House միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի մասնագետներին հասցեագրված առցանց ելույթում հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության 72-րդ օրը պատերազմի ավարտը չի երեւում:
«Մենք չենք տեսնում ու չենք զգում պատերազմն ավարտելու ռուսական կողմի անգամ ամենափոքր ցանկությունը: Չենք տեսնում գոհացուցիչ որոշումներ այն մարտահրավերների, որոնք Ռուսաստանին դրդրել է այս պատերազմին»,-շեշտել է Զելենսկին:
Նա հավելել է, որ Ուկրաինան ձգտում է օր առաջ հաղթել այս պատերազմում, վերականգնել իր տարածքային ամբողջականությունն ու ձեռնամուխ լինել ավերածությունների վերականգնմանը:
Ուկրաինայի նախագահը շեշտել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը համապարփակ հետեւանքներ է թողնելու շատ ոլորտներում: Խոսքն առաջին հերթին հարյուր միլիոնավոր մարդկանց պարենային անվտանգության մասին է, մասնավորապես, Միջին Արեւելքում: Ըստ Զելենսկիի՝ տարածաշրջանում կարեւոր մթերքների մատակարարման ավանդական շղթան խախտված է:
Վլադիմիր Զելենսկին համոզված է, որ կրակի դադարեցումը Ուկրանայում հնարավոր է միայն այն դեպքում, երբ դա ցանկանա Պուտինը:
Ուկրաինայի նախագահը Արեւմուտքի առաջնորդներին կոչ է արել առավել վճռական եւ արագ գործելու, քանի որ աշխարհն այս պատերազմից օրեցօր ավելի մեծ կորուստներ է ունենալու: Զելենսկին համոզված է, որ Ուկրաինան միեւնույնն է, հաղթելու է, բայց որքան շուտ այդ հաղթանակը գա, այնքան Ուկրաինան ու աշխարհը քիչ նյութական վնասներ կկրեն:
Բանակցությունները՝ պատերազմը դադարեցնելու հնարավորություն եւ ուկրաինական տարածքները վերադարձնելու միջոց
Զելենսկին հավելել է, որ բանակցությունները համարում է ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորություն եւ ուկրաինական տարածքները վերադարձնելու միջոց։ Նա նշել է, որ դիվանագիտական ուղիներով Ուկրաինան ցանկանում է ՌԴ զորքերը բերել փետրվարի 23-ի դրության։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովն իր հերթին հայտարարել է, որ ուկրաինական կողմը դեռ շահագրգռված է Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններով։ Նա նշել է, որ Կիեւը իր դիրքորոշումը չի փոխում սոսկ Արեւմուտքի ճնշման ներքո։ «Վլադիմիր Զելենսկին ամեն առիթով կրկնում է՝ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ»,- պնդել է խոսնակը։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսեյ Զայցեւն էլ հայտարարել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունները դոփում են տեղում: Ըստ նրա՝ Կիեւը չի ցանկանում բանակցել, ինչի մասին վկայում են նաեւ ուկրաինացի քաղաքական գործիչների հայտարարությունները։
«ՆԱՏՕ-ի երկրները հանդես են գալիս ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման օգտին, սակայն ամեն ինչ անում են դա թույլ չտալու համար։ Ուկրաինա զենքի մատակարարումն ավելանում է։ Միայն Վաշինգտոնը շուրջ 4 միլիարդ դոլարի ռազմական արտադրանք է տրամադրել Կիեւին»,- նշել է Զայցեւը:
Վարկածներ պատերազմի ավարտի մասին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մայիսի 3-ին հայտարարել էր, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Կրեմլից հավաստիացումներ է ստացել մինչեւ մայիսի 9-ը պատերազմն ավարտելու մասին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է, որ ռուսական բանակը արհեստականորեն չի ձգտելու մարտի դաշտում հաղթանակները տեղավորել ինչ-որ ամսաթվերի մեջ, ներառյալ մայիսի 9-ի հաղթանակի օրը: Ավելի վաղ Լավրովը նշել էր, որ պատերազմը կավարտվի որոշակի պայմանագրի ստորագրմամբ, բայց ամեն ինչ կախված կլինի մարտադաշտում ստեղծված իրավիճակից: