Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ մայիսի 7-ին՝ 13։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել են հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի, ինչպես նաեւ Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ: «Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է»,- ասված է հաղսրդագրությունում:
Ըստ ռազմական գերատեսչության՝ 16։30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:
Ավելի վաղ, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ: Հրազենային վիրավորում է ստացել հանքի հորատող աշխատակիցներից մեկը:
Գրիգորյանը նշել էր, որ հանքավայրի աշխատակիցը վիրավորվել է սրտի կողմից, ձախ թեւը, բարեբախտաբար, ներքին օրգանների վնասվածքներ չկան: Հանքավայրի վիրավորված աշխատակիցն, ըստ ընկերության ներկայացուցչի, այժմ հոսպիտալում է, բժիշկները նրա վիճակը գնահատել են կայուն:
Գրիգորյանը շեշտել է, որ ադրբեջանական կողմից կրակոցները սկսվել էին մայիսի 6-ի երեկոյան, մայիսի 7-ի ցերեկը դարձյալ ակտիվացել: Հանքավայրը դադարեցրել էր աշխատանքը, տեղի է ունեցել տարհանում՝ աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար: