Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը հակադարձել է ռուսական կողմից հնչող հայտարարություններին՝ պնդելով, որ երկրի տարածքում երրորդ պետությունների կողմից ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաներ գոյություն չունեն։
Ադրբեջանում ամերիկյան ֆինանսավորմամբ գործող կենսաբանական զենքի մշակմամբ զբաղվող գիտական գաղտնի կենտրոնների եւ լաբորատորիաների գոյության մասին ապրիլի 27-ին հայտարարել էր Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը։
Ըստ Ադրբեջանի Պետանվտանգության ծառայության այսօր տարածած հայտարարության՝ նման լաբորատորիաներ երկրի տարածքում երբեք չեն գործել, որեւէ հետազոտություն, որ կարող է վնաս պատճառել Ադրբեջանի կամ հարեւան պետությունների քաղաքացիների առողջությանը, չի իրականացվել.
«Ելնելով գործընկերային հարաբերությունների տրամաբանությունից՝ հայտարարում ենք կոնկրետ փաստերը հետաքննելու պատրաստակամության մասին, եթե դրանք ներկայացվեն ռուսական կողմից»,- նշված է Ադրբեջանի հատուկ ծառայությունների հայտարարության մեջ։