Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության հայազգի անդամ Արսեն Կարապետյանը, դատապարտելով իր ադրբեջանցի կուսակից Ահմեդ Իմամկուլիեւի՝ հրապարակայնորեն «Գորշ գայլերի» նշանի ցուցադրումը, այն փոքրոգի քայլ է համարել։
«Եվրոպական Վրաստան» կուսակցության Մառնեուլիի շտաբի նախագահ Ահմեդ Իմամկուլիեւն ապրիլի 24-ին լուսանկար է հրապարակել՝ ձեռքով ցույց տալով «Գորշ գայլերի» նշանը՝ կից թողնելով «Բարեւ, ընկերներ: Նրանց համար, ովքեր իրենց անհարմար են զգում» գրառումը։ Նա դա արել է այն բանից հետո, երբ Ուրուգվայում հայ ցուցարարներին ի պատասխան Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն մեքենայից քմծիծաղով ցուցադրել է եվրոպական որոշ երկրներում արգելված համարվող նույն խմբավորման ժեստը։
«Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ն դատապարտել է ահաբեկչական համարվող ժեստի կիրառման՝ Իմամկլուեւի քայլը՝ բողոքի ակցիա կազմակերպելով «Եվրոպական Վրաստանի» գլխավոր գրասենյակի առջեւ։ ՀԿ-ի երիտասարդական միության վարչության անդամ Վրեժ Հարությունովը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ընդգծեց, որ բարձրաձայնելով քաղաքական գործչի արարքը՝ պահանջում են, որ կուսակցությունը համապատասխան գործողություններ ձեռնարկի, հրապարակայնորեն պատժի Իմամկուլիեւին, ով Վրաստանում «Մեծ Թուրան» է քարոզում։
Հայ համայնքային «Արձագանք» հարթակի ղեկավար Գեորգի Թումասյանը նշում է, որ Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր կառույցները պետք է արձագանքեն դեպքին։
«Իմանալով Ահմեդին՝ ես, մեղմ ասած, տհաճորեն զարմացած եմ նրա արարքով, երկրորդ՝ չեմ կարծում, որ Չավուշօղլուի վարքագծի վերարտադրումը կամ դա պաշտպանելը կարող է դիվիդենտներ բերել որեւէ մեկին, երրորդ՝ որեւէ մեկն իրավունք չունի Վրաստանի բազմազգ, հանդուրժող եւ բազմամշակութային միջավայր դիսբալանս մտցնելու։ Ամենակարեւորը՝ ապրիլի 24-ին նման արարքն առնվազն կոռեկտ չէ, շատ ցածր է թե՛ Չավուշօղլիի, թե՛ նրան սատարողների կողմից»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում մեկնաբանել է կուսակցության անդամ Արսեն Կարապետյանը։
«Այստեղ կարեւորը ո՜չ քաղաքական հանձնառությունն է, ո՜չ կուսակցական ոգին, ո՜չ ազգությունը, միայն՝ մարդկային որակները․ հայ ժողովրդի ողբերգությունը ողջ քաղաքակիրթ աշխարհի ցավն է, իսկ իմ ժողովրդի այս ցավի հետ կապված ցանկացած սիմվոլիկան վերածել էժան փիառի կամ ինքնադրսեւորման միջոցի, անընդունելի եմ համարում, կապ չունի, թե որ կողմից է»,- հավելել է նա։
«Այս ժեստը կարելի է գնահատել որպես բաց սպառնալիք Վրաստանի հայությանը, դա նույնն է, ինչ, օրինակ, հրեաների համար ֆաշիստական ժեստերը»։
Թումասյանը նշել է, որ հարցով դիմել են երկրի կառավարությանը, «Եվրոպական Վրաստան» կուսակցությանը եւ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակին կից էթնիկ փոքրամասնությունների խորհրդին:
«Մեր քայլերն ուղղված են նման սադրիչ գործողությունների բացառմանը․ նման դեպքերը Վրաստանում հայ-ադրբեջանական կոնֆլիկտ են հրահրում։ Այժմ սպասում ենք այս կառույցների արձագանքին, համարժեք պատասխան չստանալու դեպքում արդեն կդիմենք այլ մարմինների»,- ընդգծել է Թումասյանը։