2003 թվականին լրագրող Մարկ Գրիգորյանը տեղափոխվում է Լոնդոն, որտեղ աշխատում է BBC-ի ռուսական ծառայության «Վաղ ժամ» ծրագրում։ Մինչեւ 2011 թվականի մարտի 11-ը ռուս լրագրող Սեւա Նովգորոդցեւի հետ վարում է նաեւ«Բիբիսեւա» ծրագիրը։
«Կարոտս ու ձանձրույթս մեղմելու համար գրում էի հեռավոր Երեւանի, նրա շենքերի, հրապարակների ու փողոցների պատմության, իմ պատանեկության ու երիտասարդության մայրաքաղաքի մասին։ Գրառումներս ընթերցում էի Սեւայի համար, նա էլ իր «Ինտեգրալը նման է սաքսոֆոնին» գրքից էր հատվածներ կարդում»։ Լրագրող Մարկ Գրիգորյանը պատմում է, թե ինչպես է դրվել «Երեւան․ կենսագրություն» գրքի սկիզբը, թեեւ, ասում է, լոնդոնյան գրառումներից քչերն են տեղ գտել գրքում։ Հայաստան վերադառնալուց հետո, երբ սկսել է վարել «Անծանոթ Երեւան» հաղորդաշարը, որոշ պատմություններ՝ հիմնված սեփական ուսումնասիրության վրա, զետեղվել են գրքում։
Մարկ Գրիգորյանն իր նոր լույս տեսած «Երեւան․ քաղաքի կենսագրությունը» գիրքը «Զանգակ» գրատանն ընթերցողին ներկայացնելիս պատմեց, որ այն ավարտել է 2020 թվականի փետրվարին, երբ Ստեփանակերտում էր, բայց վերջնական տեսքի բերել է Երեւանում։
«Երբ Լոնդոնում հայտնվեցի, ձեռքիս տակ ունեի Լոնդոնի պատմությունը, անցյալն ու ներկան, ավանդույթները պատմող Փիեր Ակրոիդի «Լոնդոն․ կենսագրություն» գիրքը, որն ինձ օգնեց զգալու, լավ պատկերացնելու մառախլապատ ալբիոնի մայրաքաղաքը, որտեղ 10 տարուց ավելի ապրեցի ու աշխատեցի»,- պատմում է Մարկ Գրիգորյանն ու խոստովանում, որ անթաքույց մի երազանք ունի․ հուսով է, որ Երեւանում հայտնված զբոսաշրջիկները, հայրենադարձները նույնպես իր գիրքն ուղեցույց կդարձնեն։
Գիրքը մինչեւ տպարան հասնելը ընդմիջումներով է գրվել. սեփական ուսումնասիրություններ, տվյալների հավաքում, պատմական փաստեր, երեւանյան լեգենդների ճշգրտում․․․ մի խոսքով՝ երկարատեւ աշխատանքից հետո վերսկսել է, համավարակն էլ առիթ է դարձել, որ տնային պայմաններում արագ ավարտի գործը։
«Ընտրեցի կենսագրության ձեւը, եթե այն լիներ պատմական ժանր՝ իր օրենքներով, չէի կարողանա ազատ լողալ նյութի մեջ։ Կենսագրությունը թույլ է տալիս պատմական ժանրի շրջանակից դուրս գալ»,- ասում է Մարկ Գրիգորյանն ու խոսում նաեւ իր մյուս երազանքի մասին. «Հուսով եմ՝ սա սերունդների համար կդառնա այն նույն աղբյուրը, ինչպիսին իմ ու իմ սերնդի համար Երվանդ Շահազիզի «Հին Երեւան» գիրքն է, որ գրվել է 1931 թվականին»։
Մարկ Գրիգորյանի «Երեւան․ քաղաքի կենսագրություն» գիրքը փորձ է դասավորելու երեւանյան խճանկարի մասնիկներն այնպես, որ այն դառնա մեկ ամբողջական գունավոր կտավ։
Գրքում կարելի է կարդալ այն մասին, թե ինչպես է Երեւանը մայրաքաղաք հռչակվել, ինչպես էր միջին դարերում վաճառվում այն, եւ ինչ գին էին վճարում դրա համար, արդյո՞ք երեւանյան բերդն անառիկ էր, ու մեր օրերում որտե՞ղ կարելի է փնտրել դրա գոյության հետքերը, ո՞րն էր առաջին պլանային փողոցը, ամենահին թաղամասը եւ այլն։
14 անգամ օտար տիրապետության տակ, ձեռքից ձեռք անցած Երեւանի պատմությունը յուրաքանչյուր բնակչի մեջ յուրովի է գրվում, Մարկ Գրիգորյանն էլ չի կարողացել, այսինքն՝ չի էլ փորձել խուսափել սուբյեկտիվ մոտեցումից։ «Ուզում էի այս գիրքը գրել շատ անձնավորված՝ ես այն եմ, ինչ կամ։ Լրագրության մեջ հեղինակը սովորաբար թաքնվում է, հնարավորինս անտեսանելի դառնում։ Իմ դեպքում հակառակն էր, ուզում էի սա դարձնել ի՛մ պատմությունը ի՛մ քաղաքի մասին։ Ու այդպես էլ ստացվել է։ Գրքի առաջին նկարում ես եմ՝ փոքր տարիքում, պապիկիս՝ ճարտարապետ Մարկ Գրիգորյանի կողքին նստած»։
Ի դեպ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծերով են կառուցվել Մատենադարանի, «Արմենիա» հյուրանոցի, ՀՀ Ազգային ժողովի, Մարգարյան ծննդատան շենքերը։ «Գրքում շատ են պապիս մասին պատմությունները։ Համոզված եմ, որ նա զգալի ներդրում է ունեցել այսօրվա Երեւանի մեջ»,- ասում է հեղինակը։ Նա այսօր ղեկավարում է նաեւ Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը։
Գիրքը դեռեւս ռուսերեն է, հայերեն թարգմանությունը մինչեւ տարեվերջ կհասնի հայալեզու ընթերցողին, կթարգմանվի նաեւ անգլերեն։
Առաջին մասում Երեւանի պատմությունն է՝ մինչեւ 20-րդ դարասկիզբ։ Պատմությունը սկսվում է Շենգավիթի բնակավայրից, որն Էրեբունիից այնքան հին է, որքան Էրեբունին՝ ժամանակակից Երեւանից։ Հետո միջնադար, 16-18-րդ դարից մինչեւ 20-րդ դարասկիզբ։ Երկրորդ գլուխն ամփոփում է 20-րդ դարի Երեւանի ճարտարապետության պատմությունը, ի՞նչ էին անում ժամանակի մտավորականները Երեւանը հենց այսպիսի քաղաք դարձնելու համար։ Երրորդ գլխում Երեւանի համար կարեւոր եւ առանձնահատուկ շենքերի պատմություններն են։ Հեղինակը գրքից հանում է շապիկն ու բացում այն, շապիկը վերածվում է քարտեզի։
Գիրքը գրելիս իր համար կանոններ է սահմանել, այն պետք է բաղկացած լիներ երեք մասից եւ 52 գլխից. «Հյուսիսային պողոտան իմ անձնական քարտեզի վրա գոյություն չունի, գրքի մեջ՝ եւս։ Ես այդ հատվածին չհասնելու ու պողոտային չանդրադառնալու համար 20-րդ դարի վերջով սահմանափակեցի գիրքս եւ 21-րդ դար ուղղակի չմտա»։
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։