Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Բերբել Բասը եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կինը՝ Ջիլ Բայդենը մայիսի 8-ին ժամանել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ անցկացված մամուլի ասուլիսում Կանադայի վարչապետը հայտարարել է, որ Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանում անհատների եւ ռուսական կազմակերպությունների դեմ՝ Ուկրաինայում պատերազմի առնչությամբ։ Թրյուդոն հայտնել է, որ Կանադան վերաբացում է իր դեսպանատունը Ուկրաինայի մայրաքաղաքում։ Կանադան նաեւ 25 միլիոն դոլար կհատկացնի ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին՝ որպես պարենային անվտանգության պահպանման եւ հաջորդ տարի Կանադա ուկրաինական բոլոր ապրանքների առեւտրային մաքսատուրքերը վերացնելու ջանքերի մի մաս։
Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Բերբել Բասը Գերմանիայի՝ պատերազմի ընթացքում Ուկրաինա այցելած ամենաբարձրաստիճան պաշտոնյան է: Բասը Զելենսկու եւ Ուկրաինայի արտգործնախախար Դմիտրի Կուլեբայի հետ քննարկել է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա եւ ոգեկոչել Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Բունդեսթագին՝ Ուկրաինա ծանր սպառազինություն ուղարկելու օգտին քվեարկելու համար, եւ ասել, որ ծանր սպառազինության հասանելիությունն այս պահին «գլխավոր առաջնահերթություն է»:
Բայդենի կինը Սլովակիայից հատել է Ուկրաինայի սահմանը եւ հասել է Ուժգորոդ, որտեղի թիվ 6 դպրոցում նրան դիմավորել է Ուկրաինայի առաջին տիկին Օլեսյա Զելենսկայան: Նրանց հանդիպումը տեւել է մոտ երկու ժամ, ինչից հետո Ջիլ Բայդենի ավտոշարասյունը վերադարձել է Սլովակիայի տարածք: