Ուկրաինայի արտգործնախախար Դմիտրի Կուլեբան բրիտանական Financial Times պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ հաղթանակի դեպքում Ուկրաինան ձգտելու է ազատագրել Ռուսաստանի բռնազավթած իր բոլոր տարածքները: Արտգործնախարարը չի բացառել խնդիրները բանակցությունների միջոցով լուծելու հնարավորությունը:
Կուլեբան նշել է, որ հաղթանակի պատկերը զարգացող հայեցակարգ է: «Պատերազմի առաջին ամիսներին հաղթանակ ասելով պատկերացնում էինք ռուսական զորքերի դուրսբերումը այն դիրքեր, որ նրանք զբաղեցնում էին մինչեւ փետրվարի 24-ը, ինչպես նաեւ հասցված վնասի հատուցումը: Հիմա, եթե բավականաչափ ուժեղ լինենք ռազմաճակատում ու հաղթենք Դոնբասի համար ճակատամարտում, ինչը վճռորոշ կլինի պատերազմի հետագա դինամիկայի համար, այդ դեպքում հաղթանակը մեզ համար կլինի այն, որ ազատագրենք մեր մնացած տարածքները»,- հայտարարել է Ուկրաինայի արտգործնախախարը:
Կուլեբան ընդգծել է, որ միայն Ռուսաստանի պարտությունը Ուկրաինային հնարավորություն կընձեռի վերստին բացելու իր սեւծովյան նավահանգիստներն ու վերականգնելու արտահանման տնտեսությունը: