Լիտվայի օրենսդիր մարմինը բանաձեւ է ընդունել, որը Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ ճանաչում է ցեղասպանություն ուկրաինացի ժողովրդի նկատմամբ:
Ըստ այդ փաստաթղթի՝ Ռուսաստանը, որի զինվորականները գիտակցաբար եւ համակարգված ընտրում են քաղաքացիական թիրախները ռմբակոծության համար, ահաբեկչությանն աջակցող եւ ահաբեկչություն իրականացնող պետություն է։
Լիտվայի Սեյմասը ՄԱԿ-ին, Եվրոպական խորհրդարանին, ԵԽԽՎ-ին, ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովին, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովին, օտար պետությունների խորհրդարաններին եւ կառավարություններին կոչ է արել ճանաչելու եւ դատական կարգով Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու Ուկրաինայում մարդկության դեմ իրականացրած հանցագործությունների համար։
Կանադայի, Լատվիայի, Էստոնիայի խորհրդարանները եւս ավելի վաղ բանաձեւեր եւ հայտարարություններ են ընդունել, որոնցում Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները որակվում են որպես ցեղասպանություն։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունն Ուկրաինայի հարցում ցեղասպանություն էր որակել։