Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հանձնարարությամբ ՔՈՎԻԴ-19-ի հետեւանքով ավելցուկային մահերի վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հերթական զեկույցի՝ Հայաստանի վերաբերյալ տվյալները ենթարկվել են վերլուծության:
ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից պարզվել է, որ ՔՈՎԻԴ-19-ի հետեւանքով մահացության հաշվարկման տեխնիկական աշխատանքային խմբի զեկույցում ներկայացված` համավարակի առաջին 2 տարիների ընթացքում 100 հազար բնակչության համար մոտ 650 մահվան բարձր ցուցանիշն ուռճացված է, քանի որ այն արտացոլում է ոչ միայն երկրում համավարակով պայմանավորված, այլեւ պատերազմի եւ դրա հետեւանքով արձանագրված մահերը:
Բացի դրանից՝ 2020 եւ 2021 թվականների համար փորձագետներն օգտագործել են հասանելի նախնական տվյալներ, որոնք տարբերվում են վերջնականից:
Հաշվի առնելով վերոգրյալը` առողջապահության նախարարությունը մտադիր է դիմել ԱՀԿ-ին` պահանջելով լրացուցիչ մեկնաբանություններ եւ հրապարակված վերլուծության վերանայում:
Վերջին մեկ շաբաթում 26 դեպք
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Հայաստանում մայիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 900 դեպք, 412 հազար 50-ը` առողջացման, 8623-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 544 բուժառու:
Մեկ շաբաթում կատարվել է 11 հազար 538 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք, առողջացել է 31 քաղաքացի, արձանագրվել է մահվան 1 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 69 հազար 240-ի: