Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը Եվրոպական միություն-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Եվրամիությունն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խնդիրների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցերի կայուն լուծմանը:
Անդրեա Վիկտորինը հավելել է, որ ԵՄ-ն պատրաստ է ավելին անելու այդ հարցում, սակայն ամեն դեպքում որոշումները կայացվելու են երկու երկրների միջեւ, որովհետեւ ԵՄ-ն ուղղակի միջնորդ է այս ոլորտում:
Ըստ դեսպանի՝ միջնորդությունը չի նշանակում առաջարկություններ անել եւ լուծումներ գտնել: «Միջնորդությունը նշանակում է, որ դու ստեղծում ես մի միջավայր, որ տարաձայնության կողմերը գան ընդհանուր լուծումների»,- ընդգծել է Վիկտորինը:
Անդրեա Վիկտորինը նշել է, որ իրենք շարունակաբար հանդիպելու են կողմերի հետ եւ փորձեն հասկանալ՝ ինչ կարող են անել բանակցություններում առաջընթաց գրանցելու համար:
«Մեր նպատակն է օգնել հասնելու կայուն լուծմանը եւ բոլորին հնարավորություն տալ ապրելու խաղաղության եւ անվտանգության միջավայրում»,- եզրափակել է ԵՄ դեսպանը: