Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ սահմանային ջրերի վրա թուրքական ամբարտակների կառուցումն անընդունելի է: Իրանը Թուրքիային կոչ է արել դադարեցնելու այդ գործողությունը: Պաշտոնական Թեհրանն ընդգծում է, որ Արաս գետում կառուցվող թուրքական ամբարտակը վտանգում է Իրանում ջրի հասանելիությունը։
Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության` խորհրդարանում իր ելույթում Աբդոլլահիանը նշել է, որ թուրք պաշտոնակցի հետ հանդիպումների եւ հեռախոսազրույցների ժամանաքկ քանիցս ընդգծել է Թեհրանի անհամաձայնությունը: Նա նշել է, որ երկու երկրները չունեն ջրային համագործակցության վերաբերյալ համաձայնագիր, բայց Իրանը դեռեւս չորս ամիս առաջ Թուրքիայի կառավարությանը խնդրել է ջրային հարցերով երկկողմ կոմիտե ստեղծել՝ ոլորտի խնդիրներին արձագանքելու նպատակով:
Իրանում վերջին տարիներին հաճախ է երաշտ լինում՝ կլիմայի փոփոխությամբ եւ հարեւան երկրներում ամբարտակների կառուցմամբ պայմանավորված: Իրանը եւս ամբարտակ է կառուցել Իրաքի հետ ընդհանուր գետերի վրա։