Մինչ իշխանությունն ու ընդդիմությունն անհաշտ պայքարի մեջ են՝ միմյանց ոչնչացնելու մղումով, պաշտոնական վիճակագրությունը գուժում է՝ Հայաստանը հայտնվել է ժողովրդագրական աղետի առաջ: Ու խնդիրն այլեւս միայն այն չէ, որ երկրի բնակչությունը տարեցտարի ավելի է նվազում: Դրան զուգահեռ այս տարի բնական հավելաճի ցուցանիշը բացասական է, այսինքն՝ առաջին եռամսյակում ավելի շատ մարդ է մահացել, քան ծնվել:
Եվ այսպես, ըստ Վիճակագրական կոմիտեի, այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչությունը եղել է 2 մլն 961.4 հազար մարդ, ինչը մոտ 2 հազարով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Բնակչությոնը հիմնականում նվազել է մարզերում՝ Լոռի, Շիրակ, Սյունիք, Տավուշ, Վայոց ձոր եւ Կոտայք:
Վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ կտրուկ նվազել է ծնելիության ցուցանիշը. 2022-ի երեք ամիսներին ՀՀ-ում ծնվել է 8 հազար 98 երեխա, մինչդեռ նախորդ տարի ծնունդների թիվը 8 հազար 618 էր: Այսինքն՝ ծնելիության ցուցանիշը նվազել է 520-ով:
Փոխարենը ավելացել է մահացածների թիվը՝ 80-ով. այս տարվա երեք ամիսներին արձանագրվել է մահվան 8 հազար 707 դեպք՝ նախորդ տարվա 8 հազար 627-ի համեմատ:
Արդյունքում բնական հավելաճը, ըստ պաշտոնական վիճակագրության, -609 է. մի երեւույթ, որն իսկապես աննախադեպ է: Վերջին քսան եւ ավելի տարիների ընթացքում իհարկե եղել են դեպքեր, երբ բնական հավելաճը շատ փոքր է եղել, բայց մահացածների թիվը երբեք չի գերազանցել ծնվածների թիվը՝ չհաշված 44-օրյա աղետալի պատերազմի ընթացքը: Այս փաստն առավել մտահոգիչ է, եթե մյուս կողմից նաեւ նկատի ունենանք այն հանգամանքը, որ այս տարվա առաջին եռամսյակում բացասական է եղել նաեւ միգրացիոն սալդոն, այսինքն՝ երկրից ավելի շատ մարդ է հեռացել, քան վերադարձածների թիվն է: Ըստ այդմ՝ վիճակագրական կոմիտեի տվյալներով երկրից հեռացած ու վերադարձած ՀՀ քաղաքացիների թվի տարբերությունը -8 հազար 140 է:
Ստեղծված իրավիճակի պատճառների մասին կարելի է երկար խոսել. հասարակության մեջ երկրի ապագայի նկատմամբ անորոշություն, ցանկացած պահի նոր պատերազմի սպառնալիք, անկանխատեսելի իշխանություն եւ այլն։ Կարճ ասած՝ իշխանությունների խոստացած «ապագան» չկա, կա միանգամայն անորոշ եւ տխուր ներկա։
Թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ այս ամենը, մնում է միայն ենթադրել։ Խոսքը երկարաժամկետ կտրվածքով հետեւանքների մասին է, քանի որ ժողովրդագրական իրավիճակի օրեցօր վատթարացումը դանդաղ գործողության ռումբ է պետության տակ։
Եվ ահա այս իրավիճակում զարմանալի է իշխանության եւ ընդդիմության քար անտարբերությունը։ Ընդդիմությունը, որ փողոց է դուրս եկել՝ որպես նպատակ հռչակելով Հայաստանի եւ Արցախի փրկությունը, ավելի շատ զբաղված է մանիպուլյացիաներով ու պաթոսային ելույթներով, մի կողմ՝ քաղաքական լուրջ բովանդակությունը, իրական խնդիրները։ Այնինչ հենց այս վիճակագրական տվյալները լավ առիթ էին, որ նրանք «բռնեին իշխանությունների կոկորդից»։
Նույն ոճով են գործում նաեւ իշխանությունները, որ առաջնային պատասխանատվություն են կրում երկրում ստեղծված իրավիճակի համար։ Բայց որեւէ քայլ չեն անում ժողովրդագրական աղետի լուրջ նախանշանները մեղմելու ուղղությամբ։ Մինչդեռ ոչ վաղ անցյալում Հայաստանի բնակչությունը մինչեւ 5 մլնի հասցնելու խոստումներ էին տալիս։
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: