«Սրանից 15 տարի առաջ՝ սպանությունից մոտավորապես 10 օր առաջ, Հրանտն ինձ զանգեց։ Ասաց՝ «Մեծ մայրս» գիրքը Հայաստանում շատ դրական արձագանք է ստացել, արի՛ քեզ Հայաստան տանեմ: Ես այնքան ոգեւորվեցի։ Հենց այդ օրերին «Մեծ մայրս» գրքի շնորհանդեսի համար Փարիզ էի մեկնելու։ Հրանտ, ասացի, հենց վերադառնամ, Հայաստան ենք գնալու։ Հենց վերադառնամ։ Ես Փարիզում էի, երբ Հրանտին սպանեցին»։
«Հետո ես Հայաստան շատ եմ եկել, իհարկե, առանց Հրանտի։ Բայց այսօր, կարծես առաջին անգամ, 15 տարի անց, Հրանտին այստեղ բերեցինք։ Եվ, կարծես, հիմա ինձ Հրանտի հետ եմ զգում։ Իր ձայնով, խոսքով, շարժուձեւով, իր գործերով, գրվածքով Հրանտն այսօր այստեղ է՝ Հայաստանում։ Սա ինձ շատ հուզեց»։
Հրանտ Դինքի կյանքն ու պայքարը ներկայացնող «Հրանտ Դինք․ հոս եւ հիմա» ցուցահանդեսի բացմանը մասնակցելու նպատակով Հայաստանում էր նրա փաստաբան, Մարդու իրավունքների պաշտպան, գրող Ֆեթհիյե Չեթինը։ Նա Թուրքիայում առաջին գրողներից էր, որ ինքնակենսագրական «Մեծ մայրս» վիպակում ներկայացրել էր իր՝ ազգությամբ հայ տատիկի կյանքի պատմությունը, որը, Ցեղասպանությունից փրկվելով, ամուսնացել էր թուրքի հետ ու միայն կյանքի ավարտին է իր թոռնուհուն պատմել այս մասին։
«Ալիք Մեդիան» հնարավորություն ունեցավ զրուցելու Ֆեթհիյե Չեթինի հետ Դինքի սպանության գործի, Հայաստանի ու Թուրքիայի միջեւ սկսված նոր կարգավորման գործընթացի ու Թուրքիայում տիրող մթնոլորտի շուրջ։
Հարցին, թե ինչու Դինքի սպանությունից 15 տարի անց արդարությունը դեռեւս չի վերականգնվել, Ֆեթհիյե Չեթինը պատասխանում է, որ սպանության բացահայտումն այսօրվա Թուրքիայում այնքան էլ հնարավոր չէ․ «Իրականում, հասարակությունը գիտի, թե ով է Հրանտին թիրախավորել ու սպանել։ Սակայն սա դեռ չի բացահայտվել։ Եթե գործող անձը պետական կառույցի ներսում լինի, պետության դատից շատ բան սպասել պետք չէ»։
Չեթինը վստահ է, որ պետական բոլոր կառույցները տեղյակ են եղել Դինքի սպանության ծրագրի մասին, բայց քանի որ դա մի ամբողջ ներքին համաձայնությունների հիման վրա կառուցված պլան է եղել, պետությունը այն չկանխեց։
Պետությունը չէր ակնկալում սպանությանը հաջորդող նման մեծ արձագանք Թուրքիայի քաղաքացիներից։ Եվ ուշադրությունը շեղելու համար որոշում է կայացվում կոծկել այս մեծ դավադրության մեջ դեր ունեցած պետական պաշտոնյաների ինքնությունն ու մեղքը բարդել մի քանի հրահրողների վրա։ Ամեն հաջորդ փուլում իրական մեղավորներից ուշադրությունը շեղելու համար նոր որոշում է կայացվել։ Իսկ վերջին շրջանում մեղքը բարդվել է Գյուլենականների վրա, այնինչ, ըստ Դինքի փաստաբանի, դա իրականությանը չի համապատասխանում։ Շուտով նաեւ գործով մեղադրվող որոշ անձանց ներում շնորհվեց, իսկ ոմանք ստացան փոքրիկ պատիժներ՝ պարզապես գործը փակելու նպատակով։
Բայց Դինքի ընտանիքն ու փաստաբանները չեն պատրաստվում կանգ առնելու։ Իհարկե, նրանք վստահ են, որ տարբեր մեթոդներով պետությունը փորձելու է ձգձգել գործընթացի հաջորդ փուլերը․ «Բայց հետեւյալը կարող եմ ասել։ Փաթեթում այնքան շատ ապացույցներ կան, որ եթե այս պահին ինձ լիազորություն տան, ես, այս ապացույցներին հետեւելով, սպանության հիմքերն ու մեղավորներին կգտնեմ»։
Հարցին, թե ինչ դեր խաղաց Դինքի սպանությունը Թուրքիայում, Ֆեթհիյե Չեթինը պատասխանում է, որ արձագանքն իրոք անսպասելի մեծ էր․ «Մինչ այդ 1915 թվականի Հայոց Ցեղասպանության թեմայով շատ փոքր մի հատված էր խոսում, քննարկում։ Դրանից hետո լայն զանգվածները սկսեցին սրա մասին հետաքրքրվել, ուսումնասիրել։ Շատ կարեւոր էր ու իսկապես բացահայտման նման մի բան եղավ»։
Սակայն Ֆեթհիյե Չեթինը կարծում է, որ սպանությանը հաջորդող ժամանակահատվածում տեղի ունեցած առաջխաղացումներից վերջին շրջանում մեծ հետքայլ է գրանցվել։ Իսկ ինչ վերաբերում է հասարակությանը, նա կարծում է, որ այնուամենայնիվ, արթնացման գործընթացը հասարակության ներսում լուռ ու դանդաղ շարունակում է ընթանալ։
Բայց քանի որ մեդիան ու սոցիալական հարթակները խիստ վերահսկողության տակ են, հասարակության ձայնը չի լսվում․ «Մի կողմից էլ ընտրությունների գնացող Թուրքիայում ազգայնականությունն ու ռասիզմն ավելի են սրում։ Բեւեռացումն են սրում։ Քրդերի դեմ նույն կերպ են վարվում, ալեւիների, կանանց, ընդդիմադիրների։ Բայց ինչ ուզում է լինի, անհավատալի լավ երիտասարդներ կան»,- նշում է Չեթինը։
Դինքի փաստաբանը Օսման Կավալայի ազատազրկումը եւս կապում է Թուրքիայում առաջիկայում սպասվող ընտրությունների հետ։ Ըստ նրա՝ հորինել են մի երեւակայական պատմություն, իբրեւ արտաքին ուժերը երկիրը մասնատելու նպատակով ստեղծել են կառույցներ, ղեկավարն էլ հենց Կավալան է․ «Եթե մահապատիժը դեռ թույլատրելի լիներ, մահապատժի էլ կենթարկեին»։
Իսկ ի՞նչ կարելի է ակնկալել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացից նման միջավայրում։
Ֆեթհիյե Չեթինը նախ նշում է, որ Թուրքիայում հարաբերությունների կարգավորման գործընթացն այնքան էլ չի լուսաբանվում։ Մի կողմից ազգայնական գաղափարներն են սրվում, իսկ մյուս կողմից լուռ կարգավորման գործընթացն է տարվում։ Ու վստահ է, որ հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա նաեւ Թուրքիայում երկխոսության միջավայրի վրա․ «Այս երկխոսությունը միեւնույն ժամանակ հնարավորություն կտա, որ հասարակությունն այս հարցերն ավելի հանգիստ քննարկի։ Մարդիկ իրենց չիմացած մարդկանցից են վախենում։ Բայց հենց ճանաչեն, ես գիտեմ, թե ինչպես են հայերի ու թուրքերի միջեւ հարաբերությունները ջերմանալու։ Հետեւաբար, իհարկե, աջակցում ենք գործընթացին»։
«Երբ ատելության դիսկուրսը վերացնեն, ու մարդիկ սկսեն միմյանց հետ խոսել, շփվել, Հրանտի երազած երկխոսությունը կլինի։ Սա կլինի, ու մարդիկ իրար շատ լավ կհասկանան»։