Փուլիցերյան մրցանակի կոմիտեն Ուկրաինայի լրագրողներին հատուկ մրցանակ է շնորհել «Հատուկ հիշատակում» անվանակարգում։
Սովորաբար այդ մրցանակը հանձնվում է որեւէ անվանակարգում չներկայացված, բայց հատուկ ուշադրության արժանի լրագրողներին։
«Փուլիցերյան հանձնաժողովը Ուկրաինայի լրագրողներին շնորհում է հատուկ մրցանակ Վլադիմիր Պուտինի անողոք ներխուժման եւ Ռուսաստանում նրա քարոզչական պատերազմի ժամանակ քաջություն, տոկունություն դրսեւորելու եւ ճշմարտացի լուսաբանմանը նվիրված լինելու համար»,- ասված է հայտարարության մեջ։
1903-ից սահմանված Փուլիցերյան մրցանակը լրագրության եւ գրականության ամենահեղինակավոր ամերիկյան պարգեւն է։ Մրցանակի դրամական պարգեւի չափը մինչեւ 2017-ը 10 հազար դոլար էր, 2017-ից ի վեր՝ 15 հազար դոլար:
Երկու տասնյակ տեղացի եւ արտասահմանցի սպանված լրագրողներ Ուկրաինայում
Ավելի վաղ Ուկրաինայի լրագրողների ազգային միության ղեկավար Սերգեյ Տոմիլենկոն հայտնել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի Կիեւում գտնվելու ընթացքում Կիեւի շրջանի Շեւչենկովե գյուղի՝ ռուսական հրետանու գնդակոծության ժամանակ սպանվել է ուկրաինացի լրագրող Օքսանա Գայդարը:
Տոմիլենկոն նշել է, որ գնդակոծության հետեւանքով մահացել է նաեւ լրագրողի մայրը։ Գայդարը ամուսնու եւ ընտանիքի հետ բնակվում էր Մոսկվայում, Ուկրաինա էր վերադարձել պատերազմի ընթացում։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր շուրջ երկու տասնյակ տեղացի եւ արտասահմանցի լրագրողներ են սպանվել։ Ապրիլի 28-ին Կիեւում տեղի ունեցած հրթիռակոծության հետեւանքով սպանվել է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության թղթակից Վերա Գիրիչը։