Թուրքիայում որպես ահաբեկիչ հայտարարված «Սիրիայի դեմոկրատական ուժերի» գլխավոր հրամանատար, ազգությամբ քուրդ Մազլում Աբդին (Քոբանի) միջազգային հեռուստակոնֆերանսում Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող քրդաբնակ տարածքների մասին թուրքական ղեկավարությանը զգուշացում է արել:
Քուրդ հրամանատարն ասել է, որ վերջին տարիներին Սիրիայի քրդաբնակ տարածքների դեմ Թուրքիայի զինված ուժերը «ահաբեկչության դեմ պայքարի» պատրվակով մի քանի խոշոր ռազմական գործողություններ է իրականացրել։ Արդյունքում Սիրիայի հյուսիսում գտնվող մի շարք շրջաններ, այդ թվում Աֆրինը, անցել են Թուրքիայի զինված ուժերի եւ նրանց հետ ռազմական գործողություններին մասնակցած «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման վերահսկողության տակ:
Մազլում Աբդինը, որն, ըստ թուրքական կողմի, սերտ կապեր ունի ԱՄՆ-ի զինված ուժերի եւ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, նշել է, որ Թուրքիայի զինված ուժերն արդեն մի քանի տարի բռնազավթված տարածքներում դիմում են ճնշումների, բռնությունների եւ կամայականությունների: Նա նշել է, որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պետք է ունենան հստակ դիրքորոշում Թուրքիայի զավթողական քաղաքականության հարցում:
«Մենք կազատագրենք Աֆրինն ու մյուս շրջանները. Աֆրինի ազատագրման հետաձգմանն առնչվող որոշ պատճառներ կան, եւ կփորձենք դրանք հաղթահարել։ Աֆրինի ազատագրման համար լուրջ ջանքեր են անհրաժեշտ»,- ասել է քուրդ հրամանատարը։
Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ Թուրքիայի նախագահը նույնիսկ պահանջում էր ԱՄՆ-ից իրենց արտահանձնել քուրդ հրմանատարին, սակայն Վաշինգտոնը հրաժարվել էր Էրդողանի պահանջը կատարելուց: