Ըստ բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառման՝ «Հերացի» վերլուծական կենտրոնն ուսումնասիրում է Վիճակագրական կոմիտեի պարբերաբար հրապարակած տվյալները, ըստ որոնց՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում մահացության բարձր ցուցանիշը պահպանվել է:
2022-ի հունվար-մարտին արձանագրվել է 8707 մահվան դեպք, որը 5%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից եւ 20%-ով բարձր է 2018-2020 թվականների միջին ցուցանիշից: Ընթացիկ տարում մահացության աճն առավել բարձր է եղել Լոռու՝ 22%, Գեղարքունիքի՝ 15% եւ Վայոց ձորի՝ 10% մարզերում: Տավուշում եւ Սյունիքում արձանագրվել է մահացության անկում 3%-ով, իսկ մայրաքաղաքում այն մնացել է գրեթե անփոփոխ:
Նախորդ տարիների պես առաջատար մահվան պատճառներն են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները՝ 55%, նորագոյացությունները՝ 15%, շնչառական օրգանների հիվանդությունները՝ 10% եւ կորոնավիրուսը՝ 8%:
Միեւնույն ժամանակ, եթե 2022 -ին Քովիդ-19-ի հետեւանքով մահերը կրճատվել են 31%-ով, փոխարենը 10%-ով աճել են մահացություններն արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, իսկ շնչառական օրգանների հիվանդություններից՝ 33%-ով: Համապատասխանաբար բարձր են նաեւ մահվան դեպքերը 2018-2020 թվականների միջինի հանդեպ՝ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից 19%-ով, իսկ շնչառական օրգանների հիվանդություններից՝ 18%-ով:
Եվրամիության երկրներում եւս պահպանվում է ավելցուկային մահացությունը, սակայն այն 23,4%-ից 2021-ի դեկտեմբերին կրճատվել է մինչեւ 7,4%-ով, 2022-ի փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 6,1%-ով:
Ըստ Մուրադյանի՝ բնակչության մահացությունը կարեւորագույն ժողովրդագրական ցունանիշներից մեկն է, որի «պարբերական մշտադիտարկումը եւ արդյունքում ապացուցողահենք որոշումների ընդունումը նպաստում են հանրային առողջության ծրագրերի արդյունավետության բարձրացմանը»: