Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ Ավստրալիան, ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան առանց տարածաշրջանի կղզի պետությունների հետ որեւիցե խորհրդակցության, ձեւավորում են ռազմական դաշինք եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարավում սպառազինությունների մրցավազք հրահրում: Լիցզյանն ընդգծել է, որ Ավստրալիան պետք է վերաիմաստավորի իր գործողությունները:
Ավելի վաղ ավստրալական 9News հեռուստաալիքը հաղորդել էր, որ Սողոմոնի կղզիների վարչապետ Մանասե Սոգավարեն խիստ քննադատել է Ավստրալիային, որը հարավխաղաղօվկիանոսյան պետություններին չի տեղեկացրել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ AUKUS-ի գործընկերությամբ ատոմային սուզանավեր ձեռք բերելու որոշման մասին:
Սոգավարեն այսպես է պատասխանել Չինաստանի հետ Սողոմոնի կղզիների անվտանգության շուրջ համաձայնագրի կնքման առնչությամբ Ավստրալիայի մեղադրանքներին: Ավստրալիան մտավախություն ունի, որ Չինաստանը կընդլայնի իր ազդեցությունը Խաղաղ օվկիանոսի հարավային մասում եւ այնտեղ կհայտնվեն չինական ռազմաբազաներ: AUKUS-ի հակաչինական ուղղվածությունը ոչ ոք չի թաքցրել:
Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Վան Վենբինն ավելի վաղ հայտարարել էր, որ Չինաստանը եւ Սողոմոյնան կղզիների իշխանությունները պարփակ համաձայնագիր են ստորագրել անվտանգության ոլորտում համագործակցության շուրջ:
Ըստ Վան Վենբինի՝ համագործակցության գլխավոր նպատակը կղզիների սոցիալական կայունությանն ու երկարաժամկետ կայունությանը աջակցությունն է, ինչը համապատասխանում է Սողոմոնի կղզիների եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ընդհանուր շահերին: