Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը պատերազամի 77-րդ օրվա՝ մայիսի 11-դրությամբ ամփոփել է հակառակորդի կորուստները։ Ուկրաինայի զինուժը պատերազմի ամբողջ ընթացքում ոչնչացրել է ՌԴ ԶՈՒ մարտական մեքենաների եւ ավտոցիստեռների 2014 միավոր, հատուկ ռազմական տեխնիկայի 41 միավոր, 537 միավոր հրետանային համակարգ, 2904 միավոր զրահամեքենա, 87 միավոր ՀՕՊ համակարգ, 1204 տանկ, 12 ռազմանավ (եւ մոտորանավ), 162 ռազմական ուղղաթիռ, 199 ռազմական ինքնաթիռ, 94 միավոր թեւավոր հրթիռ եւ շուրջ 26 հազար 700 ռուս զինվորական։
ՌԴ զինված ուժերը, ըստ այդ տվյալների, նախորդ օրվա դրությամբ ամենաշատ զոհերը տվել են Նովոպավլովսկի, Կուրախովսկի եւ Դոնեցկի հյուսիային ուղղություներում:
Ըստ ամերիկյան СNN-ի հաղորդագրության՝ ԱՄՆ հետախուզական վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սքոթ Բերիերը հայտնել է, որ Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ ձեռնարկած ռազմական գործողությունների սկզբից ի վեր ուկրաինացի զինվորականներին հաջողվել է առնվազն ութ ռուսական գեներալ ոչնչացնել:
Ըստ Բերիերի՝ դա բավական բարձր ցուցանիշ է պատերազմ վարելու ժամանակակից պայմաներում: Ամերիկացի գեներալը հայտարարել է, որ ՌԴ ԶՈՒ-ն գրեթե երեք ամսում ավելի շատ բարձրաստիճան զինվորականի է կորցրել, քան Միացյալ Նահանգները՝ 20 տարում Աֆղանստանում:
Ամերիկացի ռազմագետները ռուս գեներալների շրջանում այդքան մեծ կորուստները մասամբ բացատրել են նրանով, որ ԱՄՆ-ը ուկրաինացիներին հետախուզական տվյալներ է փոխանցում: Միաժամանակ մասնագետները կարեւորել են այն հանգամանքը, որ ռուս գեներալները ստիպված են լինում ռազմաճակատից բավական մոտիկ գործել, ինչը Ուկրաինայի դիմադրության ուժերի կողմից ոչնչացվելու հավանականությունը նկատելիորեն մեծացնում է:
Գեներալ Սքոթ Բերիերի կարծիքով Ուկրաինայի մարտիկներն առավել լավ են պատրաստված, քան ՌԴ զինուժի զինվորականները: Ըստ ամերիկացի գեներալի՝ ընդհանուր առմամբ վճռորոշ է նաեւ այն հանգամանքը, որ ուկրաինացիները սեփական հողը պաշտպանելու շարժառիթներ ունեն, մինչդեռ Ռուսաստանի հեռավոր շրջաններից Ուկրաինա տեղափոխված զինվորականների համար «հայրենիքի պաշտպանություն» հասկացությունը շատ վերացական է: