Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ 2023-ին նշանակված համընդհանուր ընտրությունները վճռորոշ են ոչ թե իր՝ Էրդողանի կամ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության, այլ հենց Թուրքիայի համար:
«Այդ ընտրություներից կախված կլինի՝ արդյոք Թուրքիան կմտնի՞ աշխարհի ամենազարգացած երկրների առաջին տասնյակ։ Այդ ընտրությունները կորոշեն երկրի զարգացման վեկտորը մինչեւ 2053 թվականը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:
2023-ին՝ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումից զատ Թուրքիայում կնշեն նաեւ հանրապետության հռչակման 100-ամյակը։ Իշխող Ժողովրդական դաշինքը, որի կազմում են Թուրքիայի նախագահի ԱԶԿ-ն եւ Ազգայնական շարժում կուսակցությունը, ավելի վաղ հայտարարել էր, որ Էրդողանը լինելու է իրենց միակ թեկնածուն ընտրություններում։
Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի նոր որոշման համաձայն՝ Թուրքիայում առաջիկա ընտրություններին կմասնակցի 27 քաղաքական կուսակցություն:
Որոշվել է, որ Վեջդեթ Օզի գլխավորած «Արդարություն», Մուհարեմ Ինջեի գլխավորած «Հայրենիք», ինչպես նաեւ Մուստաֆա Սարըգյուլի գլխավորած «Թուրքիայի վերափոխում» կուսակցությունները եւս կարող են մասնակցել ընտրություններին։
Ավելի վաղ ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունեցող 24 քաղաքական ուժերի թվում են Թուրքիայի «Ապագա», «Երիտասարդ», «Երջանկություն», «Նոր բարօրություն», «Լավ», «Ազատ գործ», «Ժողովուրդների դեմոկրատական», «Ազգայնական շարժում» եւ այլ կուսակցությունները: