Մայիսի 11-ին «ԿԱԶԱ» հիմնադրամի Գյումրու կենտրոնում տեղի ունեցավ «Ուխտագնացություն դեպի ուղեղ» գրքի շնորհանդեսը։ Գրքի ներկայացումը վերածվեց հանդիպում-քննարկման հեղինակ, TEDxYerevan-ի հիմնադիր Քրիստինե Սարգսյանի հետ։
Քրիստինեն Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես հաղորդակցման դասախոս է։ Գրքով հետաքրքրվողներին նա պատմեց իր՝ դեպի ուղեղ կատարած «ուխտագնացության» մասին։
Հանրային խոսքի վարպետ, հասարակական եւ մասնավոր կազմակերպությունների զարգացման խորհրդատուն ուշագրավ հարցադրումներ արեց. «Երբեւէ մտածե՞լ եք, թե ինչու մեր ուղեղի մասին դասընթացներ չկան, մինչդեռ ծաղկում է ռոբոտաշինության եւ ծրագրավորման ոլորտը: Մե՞նք ենք կառավարում մեր ուղեղը, թե՞ նա մեզ։ Ինչպե՞ս ուղեղը երիտասարդ պահել եւ չընկնել նրա լարած ծուղակների մեջ»:
Քննարկումների եւ կարծիքների փոխանակման արդյունքում ներկաները միացան «ուխտագնացությանն» ու ստացան հարցերի պատասխանները, բացահայտեցին ուղեղի թաքնված բազմաթիվ գաղտնիքները: Գրքի հեղինակը կոչ արեց հաճախակի ուշադրություն դարձնելու ներսից եկող ազդակներին, ինչի շնորհիվ կզարգանան սթափ դատելու կարողությունն ու ինքնաճանաչման խիզախությունը։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։