ԱՄՆ պետքարտուղար Էնթանի Բլինքենը մայիսի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքը: «Զրուցեցի Ադրբեջանի նախագահի հետ՝ ինչպես կարող է ԱՄՆ-ը շարունակել աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցությունների վերջին շրջանի դրական դինամիկային»,- թվիթերյան գրառման մեջ նշել է ԱՄՆ պետքարտուղարը:
Իր հերթին Պետդեպի մամուլի ծառայությունը նշել է, որ կողմերը քննարկել են նաեւ առաջիկա հստակ քայլերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը, այդ թվում սահմանների սահմանազատման եւ սահմանագծման, տրանսպորտային ու հաղորդակցման ուղիների բացման եւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցերով:
«Պետքարտուղար Բլինքենը վերահաստատել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցելու՝ փոխգործակցելով երկկողմ հիմքով, ինչպես նաեւ համախոհ գործընկերների հետ, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում՝ օգնելու երկրներին գտնել տեւական համապարփակ խաղաղություն»,- ասված է ԱՄՆ Պետդեպի հայտարարության մեջ: