Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն եւ վարչապետ Սաննա Մարինը համատեղ հայտարարություն են արել Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու մասին։
«ՆԱՏՕ-ին անդամակցելը կուժեղացնի Ֆինլանդիայի անվտանգությունը: Դառնալով ՆԱՏՕ-ի անդամ՝ Ֆինլանդիան կամրապնդի ամբողջ պաշտպանական դաշինքը: Ֆինլանդիան անհապաղ պետք է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնի: Հույս ունենք՝ նման որոշում ընդունելու համար դեռեւս անհրաժեշտ քայլերը կարվեն արագ՝ առաջիկա մի քանի օրերի ընթացքում»,- ասված է հայտարարության մեջ։
Ֆինլանդիայի վարչապետը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունն ամեն ինչ փոխել է Ռուսաստանի հետ 1340 կիլոմետր երկարությամբ սահման ունեցող Ֆինլանդիայի անվտանգության տեսանկյունից:
«Մենք չենք կարող անպաշտպան մնալ Ռուսաստանի դեմ, որը չի պահպանում միջազգային օրենքները»,- ճապոնական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է վարչապետ Սաննա Մարինը։
Եվրախորհրդարանի նախագահ Շառլ Միշելը առ այսօր չեզոք կարգավիճակ ունեցող Ֆինլանդիայի որոշումը պատմական քայլ է որակել: Նա հավելել է, որ այդ քայլը նշանակալի ներդրում կդառնա եվրոպական անվտանգության համակարգում: Իսկ Ուկրաինայի դեմ պատերազմ մղող Ռուսաստանի համար դա զսպման հզոր ազդանշան կլինի,- ասել է նա:
Դեռ մարտի վերջին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Դաշինքի գործունեության վերաբերյալ ամենամյա զեկույցում հայտարարել էր, որ եթե Ֆինլանդիան որոշի դաշինքին միանալու հայտ ներկայացնել, արագացված կարգով անդամակցություն կստանա: Սկզբում երկիրը ստանում է թեկնածուի կարգավիճակ, իսկ հետո ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 30 երկրների խորհրդարանները պետք է հաստատեն նոր անդամի ընդունումը։
Ինչ վերաբերում է Շվեդիային, ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ այս երկիրն իր դիրքորոշումը կարտահայտի մայիսի 16-ին: