Ախուրյան համայնքի Այգաբաց բնակավայրում մեկնարկել է «Աջակցություն Հայաստանի տարեցներին» շվեյցարական ասոցիացիայի «Այգաբացի տարեցների խնամք» ծրագիրը: Նման մի նախաձեռնություն էլ եղել էր Մարալիկ համայնքում, որը հետագայում փոխանցվել էր Հայկական Կարմիր խաչի ընկերության «Համայնքային ինտեգրացված տնային խնամք եւ առողջ երկարակեցություն» ծրագրին:
Մարալիկում գրանցած արդյունքներից ոգեւորված՝ կազմակերպիչներն այս անգամ էլ նույն ծրագրի վայր են ընտրել 35 բնակավայրից բաղկացած Ախուրյան համայնքը:
Ծրագրի տեւողությունը 5 տարի է: Աշխատանքների ծրագրավորման եւ հնարավոր շահառուների նախնական հաշվարկը սկսվել էր 2021 թվականից: Այժմ ընթացքի մեջ է 3-րդ՝ ամենակարեւոր բաղադրիչը։ Այգաբացի եւ Արեւիկի երիտասարդներն անցնում են վերապատրաստման 3 տիպի դասընթացներ՝ բժշկական, բազային խնամքի եւ տարեցների հետ վարքականոնի: Մեր այցի ժամանակ ծերունական հիվանդությունների ու դրանց առանձնահատկությունների մասին վարպետության դաս էր անցկացնում Ախուրյանի բժշկական կենտրոնի բժիշկ, վիրաբույժ Հարություն Դավթյանը:
«Աջակցություն Հայաստանի տարեցներին» շվեյցարական ասոցիացիայի նախագահ Ռիկարդո Բոսկետին մեծահասակների հետ աշխատանքի հարուստ փորձ ունի. երկար տարիներ Շվեյցարիայում տարեցների կենտրոն է ղեկավարել: Ասում է՝ մեր երկրում բարքերի խիստ տարբերություն է տեսել: Հայաստանում իրենց տարեցին դժվարությամբ են հանձնում այլ մարդու խնամքին: Աշխատանքներ են տարվել ու բացատրվել, որ դրա մեջ ոչ մի պարսավելի բան չկա: Ընդհակառակը, տարեցն իրավունք ունի ստանալու մասնագիտացված խնամք, երիտասարդն էլ՝ աշխատելու եւ տնօրինելու իր ժամանակը: Բոսկետին կոչ է անում առանց վարանելու պապիկ-տատիկին հանձնելու ապահով խնամքի:
Ծրագրի մասնագետ Դոմինիկ Բոսկետին մանկապարտեզի դաստիարակ է աշխատել Շվեյցարիայում, այնուհետեւ վերապատրաստվել եւ աշխատել տարեցների հետ: Նա խոսում է մեծահասակների խնամքի առանձնահատկություններից. «Դիետայից մինչեւ ժամանց. ծերերի խնամքը լուրջ ու համակարգված մոտեցում է պահանջում: Ապագա խնամատարներին զինում ենք հարուստ գիտելիքներով»:
Այգաբացի վարչական ղեկավար Սասուն Վանեցյանն ասում է՝ սկզբում հասարակությունն այնքան էլ միանշանակ չընդունեց գյուղում տարեցների խնամատար ունենալու լուրը, սակայն այժմ ամեն ինչ տեղն է ընկել, արդեն մոտ մեկ տասնյակ տարեց էլ սպասում են իրենց խնամատարներին:
Դասընթացի ավարտին ապագա խնամատարները կհանձնեն գիտելիքի ստուգման քննություն, լավագույններն ասոցիացիայում հաստիքային աշխատանք կստանան: Բացի այդ՝ կազմակերպությունն անհրաժեշտության դեպքում կտրամադրի անվասայլակներ, քայլակներ եւ առաջնային կարեւորության այլ իրեր:
Գալով ֆինանսավորման աղբյուրներին՝ ասոցիացիայի նախագահ Ռիկարդո Բոսկետին ասում է՝ միջոցները գոյանում են 150-200 ոչ շատ հարուստ շվեյցարացի մարդկանց ներդրումներից: «Մարդիկ կան, որ անգամ ամսական ընդամենը 60-100 ֆրանկ են նվիրաբերում ասոցիացիային»:
Ծրագիրն արդեն ընդլայնում է շրջանակը՝ դուրս գալով Այգաբացից: Շատ շուտով որակավորում ստացած խնամատարներն իրենց գործունեությունը կծավալեն Ախուրյան խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերում:
Հինգ տարուց այս ծրագիրը եւս կփոխանցվի Կարմիր խաչի ընկերությանը:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։