Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երեւան ժամանած ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին եւ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Կողմերը քննարկել են Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության օրակարգը, ինչպես նաեւ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանն առնչվող հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարներին եւ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի հունվարի 11-ի հայտարարության շրջանակում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքին:
Փաշինյանը, բարձր գնահատելով տարածաշրջանային հաղորդակցությունների, ավտոմոբիլային, երկաթուղային հաղորդակցությունների բացմամբ զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում արդեն իրականացված աշխատանքը, նշել է, որ ՀՀ-ի համար դա կարեւոր թեմա է: Նա հավելել է, որ երբ կողմերը որոշակի լուծումների հասնեն, դա կփոխի իրավիճակը տարածաշրջանում ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական, հոգեբանական, անվտանգության առումով:
Ալեքսեյ Օվերչուկն, իր հերթին անդրադառնալով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներին, նշել է, որ երբ Հայաստանն ու Ադրբեջանը տրանսպորտային հաղորդակցությունների հարցում ընդհանուր լուծումներ գտնեն, դա իսկապես ամբողջությամբ կփոխի տարածաշրջանի տրանսպորտային ամբողջ կոնֆիգուրացիան:
ՌԴ փոխվարչապետը հավելել է, որ եռակողմ աշխատանքային խումբն առավելագույն ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ, ինչը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի տնտեսության զարգացման համար: Ըստ նրա՝ տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը լրացուցիչ ազդակ կստանա, նշանակալիորեն կբարձրանա Հայաստանի դերը:
ՌԴ փախվարչապետը նաեւ հայտնել է, որ մայիսի 16-ից հանվում են կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները: «Հնարավոր կլինի ե՛ւ ավտոճանապարհներով երթեւեկել, ե՛ւ ինքնաթիռներով: Այսինքն՝ բոլոր այս հարցերը, որոնք իսկապես մեր երկրների միջեւ շփումները հետաձգում էին, այսօր հանվում են»,- շեշտել է Ալեքսեյ Օվերչուկը: