Թուրքիան մտադիր է առաջին անգամ 50 հազար տոննա ցորեն պատվիրել բրնձի եւ ցորենի պաշարներով աշխարհում 2-րդ երկիրը համարվող Հնդկաստանից։
Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված՝ վերջին ամիսներին ցորենի գինն աշխարհում թանկացել է 15 տոկոսով, եւ հնդկական ցորենն այժմ մեծ պահանջարկ ունի: Ուկրաինան, որն ապահովում է աշխարհում բարձրակարգ ալյուրի արտադրության 1/5 մասը, այժմ արտահանման հետ կապված լուրջ խնդիրներ ունի:
Թուրքիան Հնդկաստանի հետ ցորենի ներկրման վերաբերյալ համաձայնության էր եկել նախորդ շաբաթ: Թուրքական պատվիրակությունը մեկնել է Հնդկաստան՝ քննարկելու ներկրկման պայմանները: AgriBazaar էլեկտրոնային համակարգը Թուրքիայից ստացել է 50 տոննա ցորենի պատվեր մոտ 1 միլիոն 600 հազար դոլար արժողությամբ:
Հնդկաստանը ցորեն կարտահանի նաեւ Եգիպտոս, որը Մերձավոր Արեւելքում հացահատիկ ներկրող ամենախոշոր երկիրն է։ Հնդկաստանն այժմ բանակցություններ է վարում այլ երկրների հետ եւս, քանի որ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունը դադարեցրեց գյուղատնտեսական արտադրանքի համաշխարհային մատակարարումը։