ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արձագանքելով Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի եւ վարչապետ Սաննա Մարինի Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու մասին մայիսի 12-ի հայտարարությանը, նշել է, որ Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը։
«Մոսկվայի արձագանքը պայմանավորված կլինի Ռուսաստանի սահմանների մոտ դաշինքի ռազմական ենթակառուցվածքի առաջխաղացման աստիճանից»,- պարզաբանել է ՌԴ նախագահի խոսնակը եւ հավելել, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը չի նպաստում Եվրասիայում անվտանգությանը:
Պեսկովը գնահատել է նաեւ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններում լարվածության սրացման հնարավորությունը։ «Բոլոր կողմերը ցանկանում են խուսափել Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ուղիղ առճակատումից։ Դրա մասին բազմիցս հայտարարել են Մոսկվայում, Վաշինգտոնում եւ Բրյուսելում»,- նշել է Կրեմլի խոսնակը։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչն անդրադարձել է նաեւ ռուս-ուկրաինական բանակցություններին եւ նշել, որ այդ առումով հպարտանալու առիթ եւ հստակ զարգացումներ չկան։