ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ մայիսի 12-ին Դուշանբեում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Քննարկվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքը:
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հաղորդակցությունների եւ տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ։
Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շրջանակում արցախահայության անվտանգության, իրավունքների եւ ազատությունների երաշխավորման, ինչպես նաեւ ԼՂ կարգավիճակի վերաբերյալ։
Հայաստանի արտգործնախարարը շեշտել է նաեւ 44-օրյա պատերազմի հետեւանքով ստեղծված հումանիտար խնդիրների շուտափույթ լուծման կարեւորությունը, այդ թվում հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը։
Դուշանբեում եռակողմ հանդիպմանը նախորդել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված քայլերի եւ Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացի վերաբերյալ։
Կարեւորվել է կողմերի միջեւ վստահության մակարդակի բարձրացումը
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Մոսկվան ցանկանում է, որ Հարավային Կովկասը վերածվի խաղաղության, կայուն զարգացման եւ բարգավաճման գոտու:
«Մոսկվայի համար կարեւոր է կողմերի միջեւ վստահության մակարդակի բարձրացումը հայ-ադրբեջանական հարաբերությունների լիարժեք կարգավորման համար պայմաններ ստեղծելիս»,- ասել է Լավրովը՝ հույս հայտնելով, որ հանդիպումը թույլ կտա առաջ շարժվել այն ճանապարհով, որը նախանշել են երեք երկրների ղեկավարները:
Անդրադառնալով տարածաշրջանում տնտեսական ենթակառուցվածքների, հաղորդակցությունների բացման եւ խաղաղության պայմանագրի շուրջ հարցերին՝ Հայաստանի արտգործնախարարն իր հերթին հայտարարել է, որ ՀՀ-ն պատրաստ է շարունակելու բոլոր աշխատանքները գործող ձեւաչափերի ուղղությամբ: «Կամ, ինչպես հավանաբար ավելի ճիշտ է ասել, հարաբերությունների կարգավորման, հաստատման, մնացած բոլոր խնդիրների լուծման ուղղությամբ, ներառյալ հումանիտար, ռազմագերիների ազատ արձակման եւ մյուս խնդիրները, որոնք մնում են չլուծված»,- շեշտել է Միրզոյանը:
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն իր հերթին ընդգծել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու հնարավոր առաջընթացը: Նա հույս է հայտնել, որ կհաջողվի արդյունքի հասնել եռակողմ հայտարարություններն ամբողջությամբ կյանքի կոչելու մասով: Բայրամովը կարծիք է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի գործարկել նաեւ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքները: