Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան մայիսի 12-ին Die Welt պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, թե Կիեւը պատրաստ է բանակցելու Մոսկվայի հետ, սակայն ռուսական կողմից վերջնագրեր չի ընդունի:
Ըստ Ուկրաինայի արտգործնախարարի՝ ամենալուրջ խնդիրն այն է, որ Ռուսաստանն իրական եւ բովանդակալից բանակցություններ վարելու ցանկություն չի դրսեւորում: Կուլեբան հավելել է, որ եթե Ռուսաստանը սրի իրավիճակը եւ շարունակի պատերազմ պարտադրել Ուկրաինային, Կիեւը պատասխան հարվածը չի ուշացնի:
Անդրադառնալով պատերազմում հաղթելուն նպաստող կարեւոր գործոններին՝ Կուլեբան նշել է, որ հաղթանակի համար Կիեւին երեք բան է անհրաժեշտ՝ ժամանակակից արեւմտյան սպառազինություն, ՌԴ-ի նկատմամբ տեւական պատժամիջոցներ, ինչպես նաեւ ուկրաինական ոգին, կամքն ու տոկունությունը: «Այս երեք գործոնները միավորելու դեպքում այս պատերազմում կհաղթենք»,- ընդգծել է Դմիտրի Կուլեբան:
Ուկրաինայի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է նաեւ, որ թեեւ պատժամիջոցներն արդյունավետ են, այնուհանդերձ դրանք ի վիճակի չեն խափանելու ռուսական ռազմամեքենան, քանի դեռ Եվրոպան շարունակում է գազ գնել Ռուսաստանից: