The Washington Post-ի սյունակագիր, հայկական արմատներով լրագրող Դեյվիդ Իգնատիուսն անդրադարձել է հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղությանը միտված գործընթացներին:
Ուկրաինայի պատերազմի ստվերում Հայաստանի եւ նրա պատմական հակառակորդների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կարգավորելու համար անհավանական խաղաղ գործընթաց է ձեւավորվում։ Զարմանալին այն է, որ այս կարգավորմանն աջակցում են թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Ռուսաստանը:
Բանակցությունները հակասական են Հայաստանում, որը Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի համար 2020-ի արյունալի պատերազմում պարտվեց Ադրբեջանին, եւ որտեղ դեռեւս խորն են 1915 թվականին Օսմանյան կայսրության օրոք տեղի ունեցած ցեղասպանության վերքերը:
Երեւանում ցուցարարները դատապարտում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բաքվի եւ Անկարայի հետ տարվող քաղաքականությունը եւ կոչ են անում հրաժարական տալու։
Աշխարհը կենտրոնացած է Ուկրաինայում ընթացող ինտենսիվ մարտերի վրա, եւ Կովկասում դիվանագիտական խնդիրները կարող են կողմնակի շոու թվալ:
Բայց այս անլուծելի հակամարտությունների կարգավորմանն աջակցելը ոչ միայն կարեւոր է այդ երկրների համար, այլեւ բխում է Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի շահերից` բացելով երկխոսության օգտակար ուղիներ:
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն անցյալ շաբաթ Վաշինգտոնում տված հարցազրույցում մեկնաբանել է հարաբերությունների կարգավորման քայլերը։ Պետքարտուղար Բլինքենի հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի ատոմային էներգաարդյունաբերությանը ԱՄՆ-ի օգնության եւ կոռուպցիայի դեմ պայքարում ԱՄՆ-ի աջակցության վերաբերյալ։
Պետքարտուղարության պաշտոնյաները վերջին շաբաթների ընթացքում այցելել են Հայաստան եւ Ադրբեջան՝ խաղաղության ջանքերին աջակցելու նպատակով:
«Մենք պետք է ոչ միայն նայենք հետ՝ անցյալին, այլեւ պետք է առաջ նայենք»,- The Washington Post-ին տված հարցազրույցում ասել է Միրզոյանը: Նա ընդգծել է, որ եթե Հայաստանը շարունակի «զրոյական» խաղի մեջ մնալ իր հարեւանների հետ, տարածաշրջանը կհայտնվի փակ շրջանում։
Նման «զգուշավոր լավատեսական» գնահատական է տվել Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան եւ Միացյալ Նահանգներում Ադրբեջանի նախկին դեսպան Էլին Սուլեյմանովը: «Ադրբեջանը բազմիցս հույս է հայտնել, որ շուտով կկարգավորվեն հարաբերությունները, եւ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը»,- The Washington Post-ին ասել է նա:
Հայ ընդդիմադիրները պնդում են, որ Փաշինյանը բանակցում է թույլ դիրքերից եւ Ռուսաստանի ճնշման տակ է, որի միջնորդությամբ հրադադար էր հաստատվել 2020-ի պատերազմի ժամանակ:
Իհարկե, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր շահն ունի եւ անհուսալի միջնորդ է։
Հայաստանը դեռեւս չի ապաքինվել պատերազմից, որը հազարավոր կյանքեր խլեց եւ մեծ վնասներ հասցրեց երկրին: Հարկադրված խաղաղությունից Հայաստանի համար լավագույն պաշտպանությունը կլինի ԱՄՆ-ի եւ Եվրոպայի մասնակցությունը բանակցային գործընթացին: Նման համատեղ ջանքերի ուղիներից մեկը կլինի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի համանախագահությամբ գործող Մինսկի խմբի վերածնունդը:
Բայց Մոսկվան բոյկոտում է խմբի աշխատանքները։ Փոխարենը, Եվրամիությունը միացել է Ռուսաստանին որպես բանակցությունների հովանավոր՝ անցած ամիս Բրյուսելում հյուրընկալելով Փաշինյան-Ալիեւ հանդիպումը։
Այս շաբաթ Հայաստանի արտգործնախարար Միրզոյանը աշխատելու է նաեւ պատմականորեն Հայաստանի պաշտպան հանդես եկող Ռուսաստանի հետ Դուշանբեում նախկին խորհրդային այլ հանրապետությունների արտգործնախարարների հանդիպման ժամանակ: Ակնկալվում է, որ այդ հավաքը կներառի եռակողմ հանդիպում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ քննարկելու խաղաղության պայմանագիրը:
Հայաստանը բանակցություններ է վարում նաեւ Թուրքիայի հետ: Անցյալ շաբաթ երկու կառավարությունների հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Վիեննայում՝ «հարաբերությունների ամբողջական կարգավորում» բնութագրվող համատեղ հայտարարության երրորդ քննարկման համար:
Վերջերս երկու երկրների միջեւ վերսկսվել են կանոնավոր օդային թռիչքները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռեւս հրաժարվում է 1915 թվականի ցեղասպանությունը ճանաչելուց, սակայն հարաբերությունների նորմալացումը, ըստ երեւույթին, համապատասխանում է տարածաշրջանում հակամարտությունները նվազեցնելու նրա ավելի լայն դիվանագիտական նպատակին:
Դիվանագիտական այս փուլում ամենաինտրիգային, բայց նաեւ անորոշ խաղացողը Փաշինյանն է։ Նա վարչապետ դարձավ 2018-ին՝ գլխավորելով բողոքի շարժումն ընդդեմ կոռումպացված համակարգի։ Ունենալով փոքր քաղաքական փորձ՝ նա պայքարում էր բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ:
Այնուհետեւ բռնկվեց 2020-ի աղետալի պատերազմը, որը ստիպեց Հայաստանին հրաժարվել Ղարաբաղի մեծ մասից՝ տարածաշրջան, որը գրեթե 30 տարի վերահսկում էին հայերը, սակայն իրավական տեսակետից Ադրբեջանի կազմում էր, թեեւ հիմնականում բնակեցված է էթնիկ հայերով:
Փաշինյանը որոշեց, որ ժամանակն է մտածել նրա մասին, ինչը հայերի մի քանի սերունդների համար անհավանական էր համարվում՝ առանց նախապայմանների բանակցել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։
Անցյալ ամիս մի ուշագրավ ելույթում նա ընդունեց իր «մեղքն ու պատասխանատվությունը» 2020 թվականի «աղետաբեր» պարտության համար։ Բայց նա շարունակեց՝ ասելով, թե իր «իրական մեղքն» այն էր, որ պատերազմից առաջ չէր հայտարարել, որ Հայաստանը պետք է տարածքային փոխզիջումների գնար Ղարաբաղի հարցում, քանի որ Հայաստանի անզիջում դիվանագիտական դիրքորոշումը «միանշանակորեն» մերժվել էր միջազգային հանրության կողմից։
«Ադրբեջանի հետ որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագրի ստորագրումը մեր ծրագրերի մի մասն է»,- ապրիլի 13-ի ելույթում ասել է Փաշինյանը։ Երկու երկրներն արդեն պայմանավորվել են ստեղծել համատեղ հանձնաժողով՝ անվտանգ սահմաններ հաստատելու նպատակով։
Ցուցարարները վրդովված են այդ առիթով, բայց ԱՄՆ պաշտոնյաները չեն կարծում, որ նրանց կհաջողվի տապալել Փաշինյանին: Փաշինյանը թեեւ ռազմական պաշտպանության հարցում կախում ունի Ռուսաստանից, բայց կիսում է Միացյալ Նահանգների մտահոգությունը Ուկրաինա ներխուժման վերաբերյալ եւ ակնկալում է ԱՄՆ-ի տնտեսական եւ դիվանագիտական աջակցությունը։ Ռուսաստանի խիստ հակազդեցությանը հակառակ Հայաստանը միացավ դեկտեմբերին ԱՄՆ-ի կազմակերպած «Հանուն ժողովրդավարության» առցանց գագաթնաժողովին:
Հայաստանն ունի մի խնդիր, որի հետ ուկրաինացիները եւս ի վերջո ստիպված կլինեն առնչվել. ինչպե՞ս կարող է պետությունը խաղաղություն հաստատել այն երկրի հետ, որն այդքան ցավ ու տառապանք է պատճառել:
Դա դարավոր խնդիր է, հատկապես այնպիսի պետության համար, ինչպիսին Հայաստանն է, որը ենթարկվել է ցեղասպանության. օրհնյալ են խաղաղարարները, նույնիսկ եթե նրանք այս պահին այնքան էլ սիրված չեն դեռ սգացող Երեւանում:
The Washington Post
Պատրաստեց Կարինե Դավոյանը