2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության մեջ ուշագրավ մի դրվագ կա, որը, սակայն, այս ընթացքում մեծ ուշադրության չի արժանացել: Խոսքը Լաչինի շրջանում նոր ճանապարհի կառուցման մասին է։
Եռակողմ հայտարարության 6-րդ կետում նշված է. «Կողմերի համաձայնությամբ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»:
Այսինքն՝ Լաչինի շրջանում պետք է կառուցվի Հայաստանը Ղարաբաղին միացնող նոր ճանապարհ: Նաեւ սահմանված է վերջնաժամկետ, որը լրանալու է 18 ամիս անց՝ 2023-ի նոյեմբերին:
Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանն այդ ճանապարհի իր վերահսկողության տակ գտնվող հատվածում արդեն բավական աշխատանք է կատարել: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Լաչինը շրջանցող ավտոմայրուղին ունենալու է 32 կմ երկարություն: Ներկայում բարդ տեղանքով անցնող ճանապարհի երկայնքով մեծածավալ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Ադրբեջանն այս գործը սկսել է դեռ նախորդ տարվանից:
Իսկ ի՞նչ է անում հայկական կողմը: Պատասխանը դժվար չէ կռահել: Ոչինչ: Եթե ավելի ճիշտ՝ այս հարցը դեռ քննարկվում է։ Օրերս Radar Armenia կայքին ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ «Խնդրո առարկայի վերաբերյալ հարցը դեռևս քննարկման փուլում է, այլ տեղեկատվություն այս պահին առկա չէ»։
Ում հետ են քննարկում այս հարցերը, ինչ են քննարկում՝ նախարարությունը չի մանրամասնել: Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են։
Միայն արձանագրենք, որ երբ եռակողմ հայտարարությամբ նախանշված ժամկետը լրանալուց հետո ադրբեջանական կողմը փակի գործող ճանապարհը՝ մատնացույց անելով եռակողմ հայտարարության տեքստը, չպետք է զարմանալ ու ոչ էլ պետք է հերթական անգամ անիծել հայի բախտը: Այս հարցում հետին թվով արդարացումներն ու պարզաբանումներն անիմաստ են լինելու:
Պատահական չէ, որ ամիսներ առաջ Ալիեւը հայտարարել է, թե «Նոր միջանցքի պարամետրերը հստակեցնելուց հետո Լաչին քաղաքը նույնպես կվերադարձվի մեզ»:
Այնպես որ, նոր տհաճ անակնկալները բացառված չեն։ Մնում է միայն պատրաստվել այդ ամենին եւ ելքեր փնտրել՝ խնդիրները չեզոքացնելու համար։
Թեեւ, դատելով Հայաստանի իշխանությունների գործելաոճից, նրանք ի վիճակի չեն ադեկվատ գնահատելու իրողություններն ու մարտահրավերները։ Այս առումով պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանն այսօրվա կառավարության նիստում հայտարարել է, թե նախորդ տարի Սյունիքի մարզում արտակարգ ռեժիմով կառուցվեց Տաթեւ-Աղվանի ճանապարհը, եւ այն նախագծելիս չէին նախատեսել, որ բեռնափոխադրումների ամբողջ ծավալը պետք է տեղափոխվի այդ հատված: Այսինքն՝ մի իրավիճակում, երբ փակ է Գորիս-Կապան ճանապարհը, ՀՀ իշխանությունները չեն նախատեսել, որ բեռնափոխադրումներն ամբողջությամբ իրականացվելու են Տաթև-Աղավնիով:
Այնպես որ չի բացառվում, որ նույն տրամաբանությամբ նրանք «չնախատեսեն» նաեւ այս նոր մարտահրավերները։
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: