Իլոն Մասկը հայտարարել է «Թվիթերի» գնման գործարքը հետաձգելու մասին, քանի որ, ինչպես ինքն է նշել, չի ստացել սոցցանցից կեղծ օգտահաշիվների վերաբերյալ իրական վիճակագրական պատկերը։ Ընկերությունը կեղծ օգտահաշիվների թիվը հինգ տոկոսից պակաս է գնահատում, սակայն, ըստ միլիարդատեր գործարարի, այդ հաշվարկները հաստատող մանրամասներ չեն ներկայացվել։
Մասկի հայտարարությունից հետո «Թվիթերի» բաժնետոմսերը նվազել են 20 տոկոսով: Առաժմ հստակ չէ՝ ինչպես կանդրադառնա կեղծ օգտահաշիվներին առնչվող իրավիճակը գործարքի վրա։
Մասքը «Թվիթերը» գնելու մտադրության մասին հայտարարել էր անցած ամիս։ Գործարքը, որի արժեքը մոտ 44 միլիարդ դոլար է, նախատեսվում էր ավարտին հասցնել մինչեւ 2022-ի վերջը։
Մասկը նշել էր, որ գումարի մեծ մասը տրամադրել են բանկերը, օրինակ՝ ամերիկյան Morgan Stanley բանկը համաձայնել է 12,5 միլիարդ դոլարի վարկավորում Tesla-ի բաժնետոմսերի գրավի դիմաց: Միաժամանակ գործարարն իր անձնական միջոցներից 21 միլիարդ դոլար էր վճարել:
Մինչ այդ Մասկը արդեն «Թվիթերի» ամենամեծ բաժնետերն էր: Ապրիլի 4-ին բաժնետոմսերի մեկ տասներորդը ձեռք բերելուց հետո սոցցանցի բաժնետոմսերը թանկացել են 9 տոկոսով։
Որոշ ամերիկացի օգտատերեր քննադատել էին Մասկին եւ դեմ արտահայտվել սոցիալական այդ հարթակը ձեռք բերելու նրա գաղափարին՝ մտավախություն հայտնելով, որ սեփականատիրոջ փոփոխությունից հետո սոցցանցը կդառնա որոշակի սոցիալական եւ քաղաքական խմբերի նկատմամբ ատելություն սերմանելու հարթակ։
«Ազատ խոսքը գործող ժողովրդավարության հիմքն է, իսկ Twitter-ը թվային հարթակ է, որտեղ քննարկվում են մարդկության ապագայի համար կենսական նշանակության հարցեր»,- առարկել է Իլոն Մասկը իր հայտարարության մեջ: Թվիթերյան վերջին գրառումներից մեկում Մասկը նշել է, թե հուսով է, որ իր ամենաոխերիմ քննադատներն անգամ կմնան Թվիթերում, որովհետեւ հենց դա է ազատ խոսքը:
«Թվիթեր»-ի ղեկավարությունն ապրիլի 25-ին հայտնել էր, որ ամերիկացի ձեռնարկատերն ընկերությունը ձեռք է բերելու 44 միլիարդ դոլարով: Եթե Մասկը որոշի չեղարկել համաձայնությունը, ընկերությանը 1 միլիարդ դոլարի տուգանք կվճարի: Իսկ եթե համաձայնության խախտման նախաձեռնողը լինի «Թվիթեր»-ը, փոխհատուցումը կստանա Մասկը: