Ըստ թուրքական Daily Sabah պարբերականի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան չի կարող դրական գնահատել Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ Հյուսիսատլանդյան դաշինքին անդամակցելու ծրագրերը:
«Այդ առումով մեզ մոտ դրական կարծիք չկա: Սկանդինավյան երկրներն ասես հյուրատուն լինեն ահաբեկչական կազմակերպությունների համար»,- ասել է Էրդողանը եւ հավելել, որ Թուրքիան կարող է կիրառել ՆԱՏՕ-ի անդամի իր կարգավիճակը՝ այդ երկու երկրների անդամակցության որոշման վրա վետո դնելու համար:
Ըստ ամենայնի Թուրքիայի նախագահը նկատի ուներ Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) անդամներին, որոնք ապաստան են գտել Սկանդինավյան երկրներում:
Էրդողանը նշել է, որ Թուրքիայի նախկին կառավարիչները սխալ են թույլ տվել՝ 1952-ին կանաչ լույս տալով Հունաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին:
«Մենք չենք ցանկանում նույն սխալը գործել երկրորդ անգամ»,- ասել է Թուրքիայի նախագահը: