Ըստ CNN-ի՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Դեւիդ Բիզլին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել բացելու Սեւ ծովի ուկրաինական նավահանգիստները։ Բիզլին ընդգծել է, որ անկախ Ուկրաինայի հետ հարաբերություններից՝ պետք է բացել արգելափակված նավահանգիստները, այլապես աշխարհում միլիոնավոր մարդիկ կմահանան։ «Եթե Դուք աշխարհի հանդեպ կարեկցանք ունեք, պետք է բացեք այդ նավահանգիստները»,- ասել է նա։
Բիզլին շեշտել է, որ Ուկրաինան գյուղատնտեսական արտադրանքի կենսական կարեւորության պաշարներ ունի, մասնավորապես ցորեն, որոնք պետք են մյուս պետություններին: Նա ընդգծել է, որ նավահանգիստները պետք է բացել 60 օրվա ընթացքում, հակառակ դեպքում Ուկրաինայի տնտեսությունը կփլուզվի:
Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկն ավելի վաղ հայտարարել է, որ Ուկրաինայի նավահանգիստներում 25 միլիոն տոննա հացահատիկ է արգելափակվել։ Բերբոկը նշել է, որ ուկրաինական ճգնաժամը համընդհանուր է, քանի որ երկրից հնարավոր չէ ցորեն արտահանել:
Ցորենի միջազգային խորհրդի (IGC) տվյալներով՝ Ուկրաինան պատերազմից առաջ եգիպտացորենի չորրորդ ամենախոշոր արտադրողն էր աշխարհում եւ ցորենի մատակարարումների ցուցանիշով վեցերորդ տեղում էր։