Գերմանական Spiegel հանդեսը հայտնել է, որ Մեծ յոթնյակի (G7) երկրների ֆինանսների նախարարների՝ Պետերսբերգում անցկացված հանդիպմանը G7 անդամները մտադիր են հաջորդ շաբաթ նախաձեռնելու 30 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն Ուկրաինայի համար:
Բանակցությունների մասնակիցները նշել են, որ Ուկրաինան ինքն է բարձրացրել մինչեւ տարեվերջ այդ ֆինանսական օգնության մասին պահանջարկը:
Ըստ պաշտոնական Կիեւի՝ ամեն ամիս երկիրը ծախսում է մոտ 5 միլիարդ դոլար՝ պաշտոնյաների աշխատավարձն ու կենսաթոշակառուների նպաստը վճարելու համար, մի բան, որ Ուկրաինան ինքնուրույն ի վիճակի չէ իրականացնելու: Արժույթի միջազգային հիմնադրամը այդ թվերն արդարացի է համարում:
Օգնությունն Ուկրաինային կհատկացվի վարկերի եւ դրամաշնորհների տեսքով: Այլ կերպ ասած՝ Կիեւը ստիպված չի լինի ամբողջ գումարը վերադարձնել: Եվրոպացի ֆինանսիստները 30 միլիարդ եվրո տրամադրելով՝ ենթադրում են, որ պատերազմը մինչեւ տարվա վերջը կավարտվի:
Բանակցությունները Կիեւի հետ վարելու է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները, քանի որ Բեռլինն այս տարի նախագահում է G7-ում:
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 40 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնություն հատկացնելու մասին օրինագծին, որով նախատեսվում է միջոցներ հատկացնել Կիեւին ռազմական, տնտեսական եւ հումանիտար օգնության համար։