Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ ԱԻՊԾ փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը մայիսի 11-ին՝ 10:50-ին, մեկնել է Ստեփանակերտի Կարկառ գետի «Վոլգա» կոչվող հատված՝ մայիսի 9-ին՝ 16:00-ի սահմաններում գետի տվյալ հատվածում անհետացած ՌԴ քաղաքացի, Ստեփանակերտում բնակվող (1975 թ. ծնված) Օլգա Սանիկովային որոնելու նպատակով:
Հասնելով դեպքի վայր՝ խումբը գնահատել է իրավիճակը, քննարկել հնարավոր բոլոր սցենարներն ու օպերատիվ կերպով սկսել որոնողական աշխատանքները, որին ակտիվորեն մասնակցել են նաեւ ոստիկանության ծառայողները:
Նույն օրը՝ 15:20-ին, նշված տարածք են մեկնել նաեւ ծառայության քաղաքացիական պաշտպանության եւ աղետների հետեւանքների վերացման շտաբի ու կապի բաժնի աշխատակիցները, որոնք առավել բարդ տեղանքներում որոնումներն իրականացնելու համար կիրառել են նաեւ անօդաչու թռչող սարք:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ որոնումները դեռեւս արդյունք չեն տվել, եւ հավելել, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: