Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իտալական Rai 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ուկրաինային առաջարկել է ինքնիշխանության հարցում որոշ զիջումների գնալ՝ օգնելու համար Պուտինին՝ փրկելու դեմքը։
Ուկրաինայի նախագահի գնահատմամբ` Մակրոնի առաջարկը կոռեկտ չէ: Զելենսկին պնդել է, որ Ուկրաինան մտադիր չէ ինչ-որ մեկի համար ինչ-որ բան փրկել եւ դրա դիմաց տարածքներ կորցնել։ Թե երբ եւ կոնկրետ ինչ է առաջարկել Մակրոնը, Զելենսկին բառացի չի շարադրել։
Մակրոնը վերջին անգամ Մոսկվա եւ Կիեւ է այցելել փետրվարի սկզբին՝ մինչեւ պատերազմը։ Այն ժամանակ լրատվամիջոցների վարկածով Մակրոնը կարող էր Պուտինի առաջարկները Զելենսկուն փոխանցել՝ մասնավորապես մինսկյան համաձայնագրերի մեկնաբանման առնչությամբ։
Ուկրաինայի նախագահի հայտարարություններին պաշտոնական Փարիզը դեռեւս չի արձագանքել։