Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին՝ մասնակիցներին հորդորելով խաղաղ ճանապարհով իրացնել իրենց հիմնարար իրավունքները, իսկ ոստիկանությանը՝ զերծ մնալ անհամաչափ ուժ կիրառելուց:
Կազմակերպությունից նախ նշել են, որ իրենց անհանգստացնում են Հայաստանում բողոքի ցույցերի ժամանակ լրագրողների, հասարակական գործիչների եւ շարքային քաղաքացիների նկատմամբ կատարվող բռնությունները:
Freedom House-ը հավելել է՝ Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը պետք է հարգեն ժողովրդավարական եւ մարդու իրավունքների ինստիտուտների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների անխոչընդոտ գործունեությունը, որոնք անհրաժեշտ են՝ երաշխավորելու համար բոլոր քաղաքացիների իրավունքները՝ ժողովրդավարական նորմերին եւ չափանիշներին համապատասխան: