Բուխարեստում ընթացող Grand Chess Tour-2022 դասական շախմատի մրցաշարում մայիսի 13-ին տեղի ունեցան նախավերջին` 8-րդ տուրի պարտիաները:
Լեւոն Արոնյանը սեւերով խաղացել է աշխարհի փոխչեմպիոն Յան Նեպոմնյաշչու հետ: Պարտիան բավական երկար է տեւել եւ ավարտվել 85-րդ քայլում, ոչ-ոքի:
ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի շախմատիստը վաստակել է 5 միավոր եւ ներկայում շարունակում է ամերիկացի Վեսլի Սոյի հետ կիսել 1-ին տեղը: Նրանց հաջորդում է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, որն այս տուրում ոչ-ոքի խաղաց ռումինացի Բոգդան-Դանիել Դեակի հետ եւ այժմ ունի 4,5 միավոր: Հենց այս եռյակն էլ լավ հնարավորություն ունի հաղթելու տուրի անդրանիկ մրցաշարում:
Մայիսի 14-ին անցկացվելիք վերջին` 9-րդ տուրում Լեւոն Արոնյանը կհանդիպի մրցաշարի ետնապահ, 3 միավոր վաստակած ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ: Վեսլի Սոն կխաղա ամերիկացի Լեյնիեր Դոմինգեսի, իսկ Մաքսիմ Վաշյե-Լագրավն` իր հայրենակից Ալիռեզա Ֆիրուջայի հետ: