Ալեքսեյ Լյուբիմովը Ֆրանց Շուբերտի Էքսպրոմտ թիվ 2-ն էր նվագում, երբ մոսկովյան ոստիկանները ներխուժեցին դահլիճ եւ նրան հրամայեցին դադարեցնել ելույթը: 77-ամյա դաշնակահարը շարունակեց նվագել՝ ուշադրություն չդարձնելով թիկունքում կանգնած երկու սպաներին: Երբ «Երգեր ընդդեմ ժամանակների» հակապատերազմական համերգում հնչեց վերջին ակորդը, հանդիսատեսը նրան ողջունեց փոթորկալից ծափահարություններով:
Աշխարհի ամենահարուստ մշակութային ժառանգությամբ երկրներից մեկում արվեստներին սպասում են մռայլ ժամանակներ:
Մինչ Ռուսաստանը դաժան պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ, Կրեմլն իր իսկ երկրի սահմաններում սկսել է ճնշել այլախոհությունը: Արվեստի ոլորտում ազատ արտահայտվելու որեւէ դրսեւորում, որ Խորհրդային Միության փլուզումից հետո կարծես ծաղկում էր ավելի քան երկու տասնամյակ, այժմ կարող է սպառնալիքների եւ ձերբակալությունների պատճառ դառնալ:
Հետեւանքները սարսափելի են երաժիշտների, պարողների, կինոգործիչների, գրողների եւ բանաստեղծների համար․ նրանց, ում որոշումները եւ հաճախ նաեւ խիզախումները տասնամյակներ շարունակ երկիր են կերտել:
«Արվեստի մարդկանց համար հրամաններ գոյություն չունեն,- ասել է Լյուբիմովը թղթակցին համերգից հետո՝ կասկածի տակ դնելով ոստիկանության պնդումը, թե ռումբի անանուն սպառնալիք կա, եւ մարդիկ պետք է անհապաղ լքեն շենքը:- Մեր ասպարեզը ինտելեկտուալ եւ մշակութային տարածք է, եւ այնտեղ պարզապես չի կարող լինել հարկադրանք»։
Հանրահայտ Մեծ թատրոնը չեղյալ հայտարարեց մի շարք բեմադրություններ, որոնց ռեժիսորները հարցազրույցներում կամ սոցիալական ցանցերում պատերազմին դեմ էին արտահայտվել:
Դերասանուհի Չուլպան Խամատովան, որը նախկինում Պուտինի կողմնակիցն էր, հակապատերազմական հայտարարություն տարածեց եւ տեղափոխվեց Լատվիա։ Երիտասարդ կինոռեժիսորները, որոնց թվում՝ Կաննի մրցանակի դափնեկիրներ Կանտեմիր Բալագովը եւ Կիրա Կովալենկոն, հեռացան երկրից միջազգային նախագծերի իրականացման նպատակով։
Պաշտոնյաները կարծես չվշտացան տաղանդավոր մարդկանց կորստից: Պուտինը նրանց անվանեց «ազգի դավաճաններ» եւ մարտի կեսերին ասաց, թե հասարակության այդպիսի բնական եւ անհրաժեշտ ինքնամաքրումը միայն կուժեղացնի երկիրը:
Նախագահն անցավ հակահարձակման, երբ Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախումբն աշխատանքից ազատեց ռուս դիրիժոր Վալերի Գերգիեւին, որը ներխուժմանը դեմ չէր արտահայտվել: Պուտինը Արեւմուտքին մեղադրեց հազարամյա երկիրն ու ժողովրդին ջնջելու փորձի համար։
Իսկ այն արվեստագետները, որոնք փորձել են գրավել թե՛ ռուս, թե՛ արեւմտյան հանդիսատեսին, ստիպված են եղել ընտրություն կատարել երկուսի միջեւ:
«Մեծ խնդիր է ընտրել, թե քո կարիերայի համար որ կողմում պետք է մնալ,- նշել է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Կատրիոնա Քելլին, որը մասնագիտացած է ռուսական մշակույթի ոլորտում:- Եթե նրանք Ռուսաստանի կառավարության ներկայիս քաղաքականությունը մերժելու որոշում չընդունեն, այլեւս մասնագիտական առաջխաղացում չեն ունենա Արեւմուտքում»:
Արվեստագետները, որ մնացել են Ռուսաստանում, կանգնած են էքզիստենցիալ երկընտրանքի առաջ․ աշխատել եւ բացահայտ արտահայտել զգացմունքները՝ բանտարկվելու վտանգի ենթարկվելով, կամ թույլ տալ, որ իրենց օգտագործեն պատերազմին հանրային աջակցություն ապահովելու համար:
Առաջինն ընտրած անհատներն արդեն իսկ բախվում են ծանր հետեւանքների։ Սանկտպետերբուրգցի 32-ամյա արվեստագետ Սաշա Սկոչիլենկոյին մինչեւ 10 տարվա ազատազրկում է սպառնում՝ «հակապատերազմական գործունեության համար», քանի որ նա տեղական սուպերմարկետներից մեկում գների պիտակը փոխարինել էր Մարիուպոլի թատրոնի եւ արվեստի դպրոցի ռմբակոծության մասին ամփոփագրերով։
Օքսֆորդի ռուսերենի ամբիոնի վարիչ Անդրեյ Զորինն ասում է, որ ինչ տեղի է ունենում, շատ ավելի վատ է, քան Խորհրդային Միության վերջին տարիներին։
«Այն ժամանակ գիտեիք, թե պաշտոնական գաղափարախոսության խախտման որ մակարդակը ինչ կնշանակի ձեզ համար, թե ինչի համար կկորցնեք աշխատանքը կամ կհեռացվեք համալսարանից, ինչի համար կբանտարկվեք, եւ դուք կարող էիք հաշվարկել ձեր ռիսկերը,- նշում է Զորինը:- Այժմ դա բացարձակապես անհնար է։ Դուք կարող եք բանտարկվել առցանց գրառման համար, եւ ոչ ոք չի կարող հասկանալ՝ ինչ է տեղի ունենում եւ ինչու»:
«Կեղծ լուրերի տարածման» եւ բանակը «վարկաբեկելու» դեմ նոր օրենքները ռուս արվեստագետների համար աշխատելու եւ ինքնարտահայտվելու քիչ հնարավորություններ են թողել: Իսրայելում ռուս գրող Լինոր Գորալիկը վերջերս թողարկեց «Roar» ամսագիրը՝ հարթակ առաջարկելով տանը կամ «աքսորում» գտնվողներին: Առաջին համարը լույս է տեսել ապրիլի վերջին՝ տասնյակ էսսեներով, բանաստեղծություններով, լուսանկարներով, նկարներով եւ գծանկարներով։
«Իմ թիմը եւ հեղինակները, նրանք, ովքեր Ռուսաստանում են, շատ մեծ ռիսկի են դիմում,- Meduza լրատվական կայքին ասել է Ուկրաինայում ծնված Գորալիկը:- Երկիը չլքած գրեթե բոլոր հեղինակներին ես նույն խոսքերն եմ գրել. «Ես վախենում եմ յուրաքանչյուրիդ համար, եկեք ամեն ինչ անանուն հրապարակենք»»։
Որոշ հայտնի գործիչներ, որոնց թվում՝ մարզիկներ, օգտագործում են իրենց հայտնի լինելը՝ Պուտինին աջակցելու համար: Մոտ մեկ տասնյակ ռուս օլիմպիականներ մասնակցել են մարտի 18-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կազմակերպված հայրենասիրական միջոցառմանը: Պուտինը միասնության մասին բոցաշունչ ելույթ է ունեցել դրոշ ծածանող ամբոխի առաջ, որից հետո տեղի է ունեցել Օլեգ Գազմանովի համերգը:
Ռուս արվեստագետների եւ կառավարության միջեւ տարիներ շարունակ գոյություն ուներ սոցիալական պայմանավորվածություն։ Գրողները, դերասանները եւ ռեժիսորները կարող էին աշխատել քիչ միջամտությամբ, եթե հեռու մնային քաղաքական հակասություններից: Ֆինանսավորումը եւ խոցելիությունը մեծ խնդիր էին վերջին տարիներին, քանի որ Կրեմլը մեծացրել էր վերահսկողությունը հեռուստաալիքների նկատմամբ, որոնք դեռեւս տեղեկատվության եւ զվարճանքի հիմնական աղբյուր են միլիոնավոր ռուսների համար:
Արդյունքը եղավ գրաքննության ենթարկված, այդ ալիքների կողմից պատվիրված շոուների եւ ֆիլմերի մշակութային փուչիկը, որի նպատակն էր խթանել «ազգային միասնությունը»:
2021-ին BBC-ի ռուսական ծառայության հետաքննությունը բացահայտեց, որ տասնյակ հեռուստատեսային եւ կինո դերասաններ, սցենարիստներ եւ պրոդյուսերներ հեռացվել են աշխատանքից, երբ փորձել են ընդդիմադիր տեսակետներ արտահայտել կամ արգելված թեմաներով գրել:
Դրա հիմքը դրել էր 2012-2020 թվականներին երկրի մշակույթի նախարար աշխատած ուլտրապահպանողական ազգայնական Վլադիմիր Մեդինսկին: Նա շատ ավելի քաղաքականացված էր, քան իր նախորդները եւ կենտրոնացած էր Ռուսաստանի պատմության, մասնավորապես նրա ռազմական անցյալն առավել դրական լույսով ներկայացնելու վրա: Նա քննադատում էր կինոռեժիսորներին հայրենասիրության պակասի համար եւ, ելույթ ունենալով Ռուսաստանում արտասահմանյան ֆիլմերի ցուցադրումների սահմանափակման օգտին, պահանջեց հայրենական արտադրության «ոգին բարձրացնող» ֆիլմեր տարածել:
«Պետական հովանավորչությունը կինոյի ոլորտում պետք է ուժեղացնել, հակառակ դեպքում մեր կինոն վաղ թե ուշ կկործանվի համաշխարհային հոլիվուդյան մեքենայի կողմից»,- ըստ «Ինտերֆաքս» գործակալության՝ 2018-ի վերջին ասել էր Մեդինսկին։
Նա պաշտոնանկ արվեց 2020-ին։ Հաջորդ երկու տարիներին պատմության դասագրքեր էր խմբագրում, որի համար խիստ քննադատության ենթարկվեց, իսկ պատերազմի սկզբում դարձավ Պուտինի գլխավոր բանակցողը Ուկրաինայի հետ անարդյունք խաղաղ բանակցություններում: Այնուամենայնիվ, ռուսական փոփ մշակույթն ու պատմությունը կաղապարելու նրա ջանքերը շարունակվում են:
«Այլեւս տեղ չկա մեծագույն հեղինակների բարձրորակ ֆիլմերի, արդի սոցիալական խնդիրների հզոր վերհանումների համար»,- ասում է Ռուսաստանում աշխատած ուկրաինացի կինոպրոդյուսեր Ռոդնյանսկին։
Զորինը փորձում է դրական հեռանկար տեսնել՝ ասելով, թե «ոչ մի բռնակալություն հավերժ չէ»։
«Բայց խնդիրն այն է, թե ինչ կլինի հետո,- նշում է նա,- արդյո՞ք մշակույթը կթողնի որոշակի ներուժ՝ վերածնվելու բռնակալության ավարտից հետո, թե՞ քայքայումը վերջնական կլինի: Ես կարծում եմ, որ դա առայժմ բաց հարց է»:
Մարի Իլյուշինա, The Washington Post
Պատրաստեց Կարինե Դավոյանը